Ի՞նչ է լինում, երբ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հնչեցրած ստերին գնահատական չի տրվում

Դեռ ոչ այնքան վաղուց՝ հունվարի 20-ին, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը ԱԺ ամբիոնից հայտարարություն էր արել՝ զոհվածների նույնականացման դատագենետիկական հետազոտությունների ուշացումները կապելով նոր սարքի գնման հետ, և իբր սարքի ձեռքբերման շնորհիվ օրական հետազոտությունների թիվը աճել է 10-ից մինչև 30-33։ Այս հայտարարությանը անդրադարձել էր բժիշկ-լաբորանտ Արշակ Պետրոսյանը՝ հերքելով նորանշանակ նախարարի հնչեցրած ստերը (մանրամասներին ծանոթացեք գրառման հղումով՝ https://www.facebook.com/arshak.petrosyan.50/posts/3711201805601053

Ա․Ավանեսյանը կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ ԴՆԹ հետազոտությունների կատարման ընթացքում սարքերի խնդիր չի եղել, առկա է եղել մեկ սարք, այնուհետև գնվել է երկրորդը, որոնք այս պահին շաբաթը յոթ օր, օրը 24 ժամ աշխատում են (հայտարարության ամբողջական տարբերակը հետևյալ հղումով՝ https://youtu.be/cieA9-zySyg

Կառավարությանը, Ազգային ժողովին և ողջ հանրությանը ներկայացնում ենք պարզ հաշվարկ։

Մեկ գենետիկական անալիզատորը (սեկվենատոր) մեկ ցիկլի ընթացքում կարող է կատարել առավելագույնը 192 հետազոտություն, 24-ժամյա ռեժիմով աշխատանքի պայմաններում՝ 384 հետազոտություն։ Յոթ օր, օրը 24 ժամ աշխատանքի պայմաններում մեկ սեկվենատորը կարող է կատարել 7*384=2688 հետազոտություն: Երկու սարքի յոթ օր, օրը 24 ժամ աշխատանքի պայմաններում հետազոտություննների թիվը կկազմի շաբաթական 2*2688=5376:

Այսպիսով, առաջանում են բազմաթիվ հարցեր։

Հարց 1. Եթե չի եղել սարքերի խնդիր, ինչո՞ւ են ուշացվել հետազոտությունները և ինչո՞ւ է գնվել երկրորդ սարքը (սեկվենատորը)։

Հարց 2․ Ներկայում քանի՞ դատագենետիկական նույնականացում է կատարվում մեկ օրում։

Հարց 3․ Ընդհանուր քանի՞ հետազոտություն է կատարվում մեկ օրում՝ երկու սեկվենատորների օգտագործման պայմաններում։

Հարց 4. Արդյո՞ք բարդ վնասված մասունքները ուղարկվել են այլ երկրներ հետազոտությունների համար, որտեղ ևս հնարավոր չի եղել դրանք անջատել։ Եթե այո, ապա ո՞ր երկրների ո՞ր լաբորատորիներ, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա է արվում այն մերկապարանոց հայտարարությունը, թե արտասահմանյան լաբորատորիաներում ևս հնարավոր չէ կատարել նույնականացման գործընթացը։

Հարց 5. Ինչո՞ւ առ այսօր չի գնվել նույնականացման նպատակով նմուշի նախապատրաստման համար կիրառվող այնքան հոսքագիծ, որը թույլ կտար ավտոմատացնել նմուշի անջատման գործընթացը՝ էապես հեշտացնելով, արագացնելով այն և ապահովելով սեկվենատորի առավելագույն արտադրողականությունը։

Հարց 6. Եթե ընդունենք, ըստ արված հայտարարության, որ կան մասունքներ, որոնց նույնականացման գործընթացը անհնար է, ապա որտեղի՞ց է այն վստահությունը, որ դրանց մեջ չկան օտար մասունքներ։

Հարց 7. Եվ վերջապես, ինչպե՞ս է ստացվում, որ 100 տարի առաջ նահատակված ռուսական ցարական ընտանիքի մասունքներից կարողացել են կատարել նույնականացում, իսկ մի քանի ամիս առաջ արցախյան գոյամարտում զոհվածների նույնականացումը չի հաջողվում։

Ակնհայտ է, որ անկախ այս հարցերի պատասխաններից, երկրորդ սեկվենատորը որևէ դեր չի խաղում հետազոտությունների կատարման գործընթացը արագացնելու հարցում։ Դրա գնումը եղել է աննպատակ, որի համար պետական բյուջեից ծախսվել է հարյուր հազարավոր դոլարների գումար՝ օրակարգում ունենալով վիրավոր զինվորների բուժման և հաշմանդամների վերականգնման համար բազում այլ ծախսեր:

Հակահամաճարակային ալյանս նախաձեռնություն