Ծառուկյանը վերջնաժամկետ է տվել Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ երեկ վստահեցնում էին՝ արտահերթ ընտրությունների օրակարգով Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման հարցը կուսակցությունում դեռևս չի քննարկվել, և դեռ հայտնի չէ՝ կլինի այդ հանդիպումը, թե ոչ, մեր տեղեկություններով, սակայն, Ծառուկյանը վերջնաժամկետ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ եթե համաձայն է մայիս-հունիս ամիսներին արտահերթ ընտրությունների գնալ, ապա իրենց հանդիպումը կարող են կազմակերպել շաբաթ օրը, եթե ոչ, ապա երկխոսության կամուրջներն այրված կարող է համարել։

Ուշագրավ է, որ վերջին օրերին տեղեկություններ ենք ստանում, որ իշխանությունները բանագնացներ են ուղարկում ձայն բերող թաղային տարբեր հեղինակությունների մոտ և փորձում են հասկանալ, թե ով և ինչ չափով կաշխատի իշխանության օգտին։

Փաշինյանը «գույքագրում» է ունեցած-չունեցածը, որ հասկանա, թե ինչ պատասխան տա Գագիկ Ծառուկյանին։ Իսկ Ծառուկյանն այսօր պատասխանելու է մի խումբ լրագրողների հարցերին և հրապարակելու է իր դիրքորոշումը»: