Գերմանիայում երրորդ պատգամավորն է զրկվել մանդատից՝ Ադրբեջանի համար լոբբինգ անելու պատճառով

Մարկ Հաուպտմանը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական կուսակցության անդամը, արդեն երրորդ գերմանացի խորհրդարանականն է, որը վայր է դնում մանդատը՝ ադրբեջանական կոռուպցիայի ու նրանց համար լոբբիստական գործունեության, իր թերթում Ադրբեջանին գովադելու հետևանքով: Այս մասին գրում է Deutsche Welle-ն։

Հաուպտմանը ճնշումների արդյունքում վայր դրեց մանդատը Բունդեսթագում նախօրեին՝ հինգշաբթի։

Հաուպտմանի հեռացումը հետևում է Spiegel լրատվական ամսագրի հրապարակմանը  ադրբեջանական, թայվանական և վիետնամական զբոսաշրջության գովազդների վերաբերյալ, որոնք տպագրվում են «Südthüringer Kurier»-ում, որը տպագրում է Հաուպտմանը: Նրան մեղադրում են օտարերկրյա գործակալություններից փող վերցնելու մեջ:

Հաուպտմանը Die Welt թերթին ասել էր, որ «կտրականապես հերքում է հրապարակման մեջ առաջ քաշված կասկածներն» ու «խեղաթյուրումները», հավելելով, որ «այս գովազդները ոչ մի անգամ չեն ազդել իր քաղաքական որոշումների վրա»։

«Ես երբեք փող չեմ ստացել և երբեք չի եղել ազդեցություն իմ քաղաքական գործողությունների վրա», — ասել է Հաուպտմանը, հավելելով, որ ինքը վայր է դրել մանդատը՝ «ընտանիքին պաշտպանելու համար»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նաև Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկեց Բունդեսթագի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության անդամ, ժամանակին Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերին՝ Ադրբեջանից գումարներ ստանալու գործով, որպեսզի դատախազությունը կարողանա հետաքննություն ու խուզարկություններ իրականացնի։

Մերկելի կուսակցության մեկ այլ պատգամավոր, որն ընդունել էր, որ գումարներ է ստացել Ադրբեջանից Կարին Շտրենցն է։

Հաուպտմանի հրաժարականը հաջորդեց Մերկելի ՔԴՄ կուսակցության երկու պատգամավորների հրաժարականին, որոնք մեղադրվում են համաճարակի պայմաններում դիմակների բիզնեսի հետ կապված գործունեության մեջ։