Հազար զոհ՝ այս կողմ, հազար՝ այն կողմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որն օրերս հայտարարել էր, թե ներքաղաքական լարված իրավիճակը խոչընդոտում է գերիների վերադարձին, մեզ հետ զրույցում դարձյալ պնդեց իր այդ միտքը, որի համար նրան օրեր շարունակ քննադատում էին մարդիկ։ Նա զարմացած է, թե ինչու է ընդդիմությունն իր արած հայտարարությունը վերցրել իր վրա ու ներքաղաքական լարումների ամբողջ պատասխանատվությունը ստանձնել։ Ասում է, որ ինքը նկատի ուներ՝ առհասարակ ներքաղաքական լարված վիճակը, իհարկե, դժվար թե իշխանական պատգամավորն այդ լարվածության թիվ մեկ պատասխանատու համարեր հենց իրենց իշխանությանն ու վարչապետին։ Ի դեպ, մինչ իշխանական պատգամավորները զբաղված են իրենց վատ աշխատանքի հարցում մեղավորներ փնտրելով, թե ում պատճառով է, որ գերիների վերադարձը չի հաջողվում, այդ նույն ընդդիմության ներկայացուցիչների ջանքերով նաև՝ Հայաստան գերիներ են վերադարձվում։

Մասնավորապես, երեկ հայտնի դարձավ, որ գերությունից վերադարձել է լիբանանահայ Մարալ Նաջարյանը, որի՝ հայրենիք վերադարձի հարցում իր ներդրումն է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ՌԴ պետդումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, այլ ոչ նույն Նազելի Բաղդասարյանը կամ որեւէ այլ իմքայլական։ Չնայած երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն տարածեց՝ փորձելով սեփականաշնորհել այդ քայլը․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթեւ Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին եւ անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում»:

Մենք տիկին Բաղդասարյանին հիշեցրինք, որ իշխանությունը մինչ օրս գերիների ու զոհերի թիվն անգամ ազնվորեն չի հրապարակել, և 5 հազարի փոխարեն արդեն 10 հազար զոհի մասին է խոսվում, Բաղդասարյանը նախ ասաց, որ գերիների ու զոհերի թիվը հրապարակման ենթակա չէ, այդ թիվը յուրաքանչյուր օր փոփոխվում է, ապա ժպտալով մեր նշած թվերի վրա, ասաց․ «Գոնե այն տվյալները, որոնց ես տիրապետում եմ, չնայած որ ես իրավասու մարմինը չեմ, այդ թիվը միանշանակ 5 հազարից նվազ է։ Դա միանշանակ կարող եմ ասել։ Բայց կարծում եմ՝ այս հարցով պետք է դիմել պատկան մարմիններին, Քննչական կոմիտե կամ պաշտպանության նախարարություն»։

Նկատենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ԱԺ հարցու- պատասխանի ժամանակ վստահեցնում էր, թե զոհերի թիվը չի անցնի 4 հազարը։ Իսկ ռուսական աղբյուրները 10 հազար և ավելի զոհի մասին են խոսում։ Եվ քանի որ այս իշխանություններն արդեն ասոցացվում են ստի ու կեղծիքի հետ, մարդիկ հակված են ավելի շատ հավատալ ռուսական թվերին։ Եվ առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս այն, որ իշխանության երկու ներկայացուցիչ՝ մի քանի օրվա տարբերությամբ հազարով իրարից տարբերվող, թվեր են ասում։ Սա մի կողմից նշանակում է, որ անգամ իրենք իրական պատկերը չգիտեն և իրարից բեխաբար են, ապա այն, որ պատերազմից 4 ամիս անց էլ չեն կարողանում հստակ հաշվարկել մեր կորուստները, և մյուս կողմից՝ իրենց համար միևնույն է՝ հազար զոհ՝ այս կողմ, հազար՝ այն կողմ։ Մարդկային կյանքը նրանց համար չոր ու ոչինչ չասող թվեր են»։