Մարտի 21-ին Գառնիում կցուցադրվի մարմարե «Ցլի գլուխը»

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող բացառիկ արտեֆակտներից է տարիներ առաջ Գառնու դարավանդի զառիվեր լանջին հայտնաբերված Միհր Աստծո մարմարե արձանախմբի մաս հանդիսացող «Ցլի գլուխը», որը, ՊՈԱԿի տեղեկացմամբ, տեսնելու բացառիկ հնարավորություն ունեն «Գառնի» արգելոց-թանգարանի այցելուները։
Մարտի 21-ին, ժամը 13։00-ին ՊՈԱԿ-ը հրավիրում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ մասնակցելու «Արորդիների Ուխտ» կազմակերպության նախաձեռնած միջոցառմանը։ Կնշվի՝ Ամանորը և Վահագնի ծնունդը, ապա ցուցադրության բացմամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կներկայացնի տաճարը երբեմնի զարդարած «Ցլի գլուխ»-ը։
Հարգելի հայրենակիցներ, սիրով կսպասենք Ձեզ։
Արգելոց-թանգարանի մուտքի տոմսերը կարող եք ձեռք բերել տոմսարկղից։

Հ․ Գ․ Հայաստանում քրիստոնեության` պետական կրոն հռչակվելուց (301թ.) հետո, թեև հին ամրոցներն ու պաշտպանական համալիրները հիմնականում մնացին անխաթար, սակայն հեթանոսական պաշտամունքային հուշարձանները հիմնահատակ կործանվեցին։ Միայն առանձին տեղերում որոշ մեհյաններ վերածվեցին քրիստոնեական տաճարների:
Բացառություն է կազմում Գառնիի տաճարը, որը պահպանվեց նույնությամբ, վերածվեց աշխարհիկ կառույցի և, ըստ Մովսես Խորենացու, դարձավ Տրդատ III թագավորի քրոջ` Խոսրովադուխտի «տուն-հովանոցը»: Նոր հավատքի հետևորդները կտոր-կտոր արեցին տաճարի խորանում տեղադրված ցլի դեմ մարտնչող Միհրի արձանախումբը և նետեցին ձորը:
Հարյուրամյակներ անց` պեղումների ժամանակ, տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցլի կճղակ որը, մասնագետների կարծիքով հենց այդ արձանախմբի մասն է կազմել: Երկու այլ բեկորներ` ցլի մարմարե գլուխը և արձանախմբի պատվանդանի մասը, պատահաբար հայտնաբերվել են 2011 թ., դարավանդի զառիվեր լանջին: