«Հետխորհրդային բոլոր պետությունները փլուզվել են, Բելառուսը դեռ դիմանում է»․ ինչի՞ն է նախապատրաստվում Լուկաշենկոն. «ՌԻԱ Նովոստի»

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունն անդրադարձել է Բելառուսի ներքաղաքական վիճակին և իրադարձությունների հետագա հնարավոր զարգացումներին։

Ստորև ներկայացնում ենք վերլուծությունը․

Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը զեկուցել է մարտի վերջին կայանալիք քաղաքական սադրանքների մասին: Մի քանի ծայրահեղականներ արդեն բերման են ենթարկվել, հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր: Ավանդաբար, մարտի 25-ին ընդդիմությունն ու ազգայնականները նշում են այսպես կոչված Ազատության օրը: Այդ օրը Մինսկում կրկին կարելի է սպասել զանգվածային բողոքների և իրավիճակի ապակայունացման:

Ըստ Տերտելի, ընդդիմությունը երեք սցենար ունի: Առաջին՝ ցույցի կազմակերպման հայտ ներկայացնելուց հետո ցուցարարները հավաքվելու են Մինսկի Յակուբ Կոլաս հրապարակում, այնուհետև քայլելու են դեպի Օպերայի և բալետի թատրոն: Եվ «հայտնի տելեգրամյան ալիքների միջոցով» ոստիկանությանը հրահրելու են բախումների գնալ:

Երկրորդ սցենարի համաձայն, նրանք կրկին ցույց անցկացնելու հայտ կներկայացնեն, որը նախատեսված կլինի անցկացնել այլ իրադարձություններով հայտնի Բանգալորի հրապարակում: Հետո «հուզական գործողություններով իրավապահ մարմիններին կդրդեն բախման գնալ»: Երրորդ սցենարը կգործի այն դեպքում, եթե իշխանությունները չհամաձայնվեն հանրահավաքի թույտվություն տալ, ինչը նույնպես պետք է ավարտվի քաղաքում ոստիկանության հետ բախման գործողություններով:

Վերոնշյալ սցենարներից բացի, Տերտելը խոսել է նաև վերջին վեց ամիսների ընթացքում Բելառուսում առկա «ահաբեկչական սպառնալիքների կտրուկ աճի» մասին։ Պայթուցիկների հսկա պահեստի հայտնաբերումը հենց այդ սպառնալիքի ապացույցն է։

Լուկաշենկոն նշել է, որ քաղաքական ոլորտում գարունը թեժ է լինելու և շեշտել, որ ընդդիմության հիմնական նպատակն ինքն է։

«Հետխորհրդային բոլոր հանրապետությունները հերթով փլուզվել են, սակայն Բելառուսը դեռևս շարունակում է պահել իրեն: Նրանք հիանալի հասկանում են, կներեք իմ անհամեստության համար, որ Բելառուսը գոյատևում է, որովհետև Լուկաշենկոն խանգարում է դրա փլուզմանը։ Եթե մենք իսկական բռնապետություն ունենայինք, ես կարգելեի Մինսկում մեքենայով շրջել՝ այլ միայն հեծանիվներով: Դա հիանալի կլիներ», – ասել է Լուկաշենկոն։

Խռովությունները, որոնց մասին խոսել են Լուկաշենկոն և Տերտելը, հնարավոր է համընկնեն մարտի 25-ին կայանալիք բելառուս ազգայնականների տոնի հետ: 1918 թվականի մարտի 25–ին գերմանական զորքերի կողմից գրավված տարածքում հռչակվել է Բելառուսի ժողովրդական հանրապետության անկախությունը: Ընդդիմությունն այս օրը ավանդաբար երթեր է անցկացնում:

Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հայտնել է, որ իշխանությունը հիմիկվանից նախապատրաստում է հասարակությանը մարտի 25–ին կայանալիք գործողություններին՝ քանի որ պատրաստվում է երկիրը մաս-մաս վաճառել։ Սակայն Տիխանովսկայան չի նշել, թե ում և ինչ պայմաններով վաճառքի մասին է խոսքը։

Մարտի սկզբին երկրի քննչական կոմիտեն հրապարակել էր մի տեսանյութ, որում Տիխանովսկայային և նրա մերձավորներին նման մարդիկ քննարկում են վարչական շենքերի գրավումը: Տեսանյութը թվագրված է 2020 թվականի օգոստոսին:

«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ Տերտելի հայտարարությունը հնչել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և արևմտյան հարևանների հետ կապերի թուլացման ֆոնին: Մինսկի հարաբերությունները Կիևի, Վարշավայի և Եվրոպայի մայրաքաղաքների հետ արդեն շատ հեռու են իդեալական լինելուց։

Դեռևս 2020 թվականին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Բրյուսելը չի ճանաչի Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես հանրապետության օրինական նախագահ, սակայն դեռևս կաշխատի նրա հետ:

Աղբյուրը՝ Tert.am