Հնդկաստանը նախընտրում է Հայաստանի միջոցով «Հյուսիս-Հարավ» միջանցքի ուղղությունը դեպի Եվրասիա և Եվրոպա․Պույա Հոսեյնի

«Հնդկաստանը նախընտրում է Հայաստանի միջոցով «Հյուսիս-Հարավ» միջանցքի ուղղությունը դեպի Եվրասիա և Եվրոպա, շրջանցելով Պակիստանն ու Ադրբեջանը»,-այս մասին գրել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին։

Հոսյենին մեջբերել է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրային, որը հայտարարել է, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցք։

«Մենք ծրագրում ենք միացնել Իրանի Չաբահար նավահանգիստը և Հնդկական օվկիանոսը՝ Եվրասիայի և Ֆինլանդիայի հետ՝ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Հնդկաստանը ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը»,- հայտարարել էր դեսպանը:

«Չաբահար նավահանգիստը ամենամոտիկ և ամենալավ կապող կետն է Միջին Ասիայի երկրների համար՝ դեպի բաց ծով: Այն հանդիսանում է կարևոր ռազմավարական կետ՝ ապրանքների տրանզիտի համար՝ Ասիայից դեպի Եվրոպա: Չաբահարի ստրատեգիական նավահանգիստը Իրանի ամենամեծ և տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստն է: Այս նավահանգիստը ունի տարեկան մոտ 8,5 միլիոն տոննա ապրանքների բեռնման և բեռնա-թափման ներուժ: Հնարավորություն է ստեղծվել օվկիանոսային նավերի համար մինչև 100.000 տոննա բեռով մտնել նավահանգիստ: Նաև նախատեսված է Չաբահար նավահանգստում միջազգային օդանավակայան ստեղծել: Նավահանգիստը լիարժեք կգործարկվի ապրիլ կամ մայիս ամիսներին: Շատ կարևոր է այն փաստը, որ Չաբահար նավահանգիստը ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների մեջ ներառված չէ:

Չաբահար նավահանգիստը շահագործվում է Հնդկաստանի ֆինանսական ներդրումով, և Իրանի և Հնդկաստանի միջև եղած պայմանագրով այս նավահանգստի շահագործումը 10 տարով վարձակալությամբ հանձնված է Հնդկաստանին: Եվ հնարավորություն է ընձեռում ապրանքների տրանզիտը իրականացնել հետևյալ ուղիներով. Հնդկաստանից՝ Իրանով դեպի Աֆղանստան և Միջին Ասիայի երկրներ՝ շրջանցելով Պակիստանը:

Կարևոր եմ համարում նշել, որ Հնդկաստանը ծրագիր ունի «Հյուսիս – Հարավ» ճանապարհի ենթատեքստում զարգացնել Իրանով ու Հայաստանով տրանզիտ ճանապարհները դեպի Եվրոպական ու Եվրասիական երկրներ, իսկ հեռանկարում՝ այս ծրագրին կարող է միանալ նաև Չինաստանը:

Հաշվի առնելով Հնդկաստանի և Պակիստանի միջև եղած հակասությունները, որի պատճառով այս ծրագիրը շրջանցում է Պակիստանը, Հնդկաստանը ցանկանում է այս ծրագրի կայացման գործում շրջանցել նաև Պակիստանի դաշնակից երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ու Թուրքիային, բացառելու համար այս ծրագրին նրանց կողմից որևէ հնարավոր խոչընդոտում: Այդ իսկ պատճառով է Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով:

Սա աննկարագրելի մեծ հնարավորություն է բացում Հայաստանի համար՝ նշված հակասությունների ու շահերի համընկնման գործընթացի մեջ՝ համապատասխան ակտիվություն ցուցաբերել և դուրս գալ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից տարիներ շարունակ իրեն պարտադրված՝ տարածաշրջանային ու միջազգային նախագծերից մեկուսացվելու քաղաքականությունից»,-գրել է Հոսեյնին: