Կապ կա՞ Տավուշի ու ԳՇ պետի շուրջ զարգացումների միջև

Տեղի ունեցավ այն, ինչ սպասվում էր. առաջին ռանդևուով ԳՇ շտաբի պետն ազատվեց աշխատանքից, երկրորդով` քրեական պատասխանատվության կենթարկվի (նա չափից ավելի շատ բան գիտի):

Երկբայության չենթարկեք. ընդդիմության` 17-ի պայքարը, խորհրդարանի դռները կիսափակ անելը (կիսաբաց պատուհանների հանգով) կավարտվի 27 պատգամավորի` ՍԴ դիմումով: ՍԴ-ն երկար-բարակ կքննարկի լոնդոնաբնակ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը, կեզրակացնի` «Ա վ աստալնոմ, պրեկրասնայա մարկիզա, վսյո խարաշո, վսյո խարաշո». այն է` բանակին համաժամանակյա դավաճանած Փաշինյան-Սարգսյան զույգն ամենաարդար բանն է, որ տեղի է ունեցել Հայաստանում ընդհանրապես:

Քննարկման առանձին թեմա է` ինչ է ստացել Արմեն Սարգսյանը իր խաղիկի դիմաց, որովհետև սկզբում փորձում էր հակադրվել` իր կողմից ևս հրաժարականի պահանջի արժանացած, իրեն երբեք բանի տեղ չդրած կապիտուլյանտին, որի կապիտուլյացիայի մասին «իմացել» էր մամուլից, նրա հետ հանդիպելուց, առուտուրն  ու մեծ բազարն ավարտելուց հետո, արեց քայլերի կասկադ, որն իրեն խիստ հոգեհարազատ էր, ցած դրեց քաղցր «մարոժնին», ձեռն առավ միջազգային դավադիր խաղի պուլտը` ընդդեմ հայոց:

Արդյոք միայն Ամուլսարի ոսկի՞ն էր խաղի ստավկան: Խոսակցություն կա, որ սարն այլևս սար չէ: Եվ այն շուտով կգործարկվի (մի՞թե կարելի էր Նիկոլի որևէ խոսքին հավատալ):

Ո՛չ-ո՛չ-ո՛չ: «Ստավկան» շատ ավելի մեծ է: Եվ այս պարագայում Ամուլսարը շատ ավելի իններորդական է: Խնդիրը Տավուշից դեպ տրանսնացիոնալ հանգույցներ «նայող» աչքն է, որ ամեն վայրկյան կարող է ևս անել այդ հանգույցները (ամառն այնտեղ «ապրոբացիա» տեղի ունեցավ):

«Բրիթիշ պետրոլիումի» «մենեջեր» հայոց բրիտանացի նախագահը կենդանի շիրմա է` իր անձով ծածկելու այնտեղ գտնվող կարևորագույն նավթա-գազա-պրոեկտները: Իսկ այդտեղով անցնում են` Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Հարավային գազային միջանցքը, Բաքու-Սուպսա գազախողովակը ու էդպես` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ու էլի շատ «հետաքրքիր» կոմունիկացիաներ:

Ասել է` համընկել են ոչ միայն կապիտուլյանտ-բրիտանացի` Նիկոլ-Արմեն տանդեմի շահերը, այլև Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան-Արևմուտք շահերը… ինչպես` միշտ, ինչպես՝ մեկ դար առաջ:

Իսկ հիմա ուշադիր լսենք Կրեմլի «բանախոսներից» ամենաօդիոզներից մի քանիսի տեսակետները Տավուշի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին: Նրանք նախ` խոհեմաբար լռում են GPC-ով սպասվելիք տավուշյան մկրատումների մասին (ինչի լուրը կար դեռ նոյեմբերի իննին` համատեղ ընդունված եռակողմ հայտարարության ժամանակ), լռում են, թե ինչու է Ադրբեջանը (հետևաբար` Թուրքիան) զորքեր կուտակել Տավուշի սահմանի վրա, հրովարտակում են, որ ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է Հայաստանով մեկ` ուր ուզենա՝ շարժվի, ինչպես ուզի` վարվի, այդ թվում և՝ «դբա» Տավուշ… ուշադիր` շատ ուշադիր. որովհետև Ադրբեջանը պատերազմ չի ուզում, բայց Հայաստանը կարող է պատերազմ ուզել-սկսել… իսկ հիմա բռնվեք, որովհետև ուզում է Նիկոլի իշխանությունը տապալել, հրաժարական պարտադրել, չնայած` այդ պատերազմից Նիկոլը կարող է նաև խիստ ուժեղանալ…

Եվ այնուհանդերձ, ով է Հայաստանում պատերազմ ուզել-սկսելո՞ւ: Պատասխան` ընդդիմությունը:

Ա՛յ հեր օրհնած Կրեմլ ջան, էդ ընդդիմությունը համարյա չորս ամիս է՝ քո ասեղը վերցրած` թելում է, կարկատում է, քանդում է, նորից ուժեղ կարում-պնդացնում է քեզ ընդունելի-չդավաճան Նիկոլի իշխանությունը, էսօր էլ Սահմանադրական դատարան դիմելու համար խորհրդարանի դռներն է կիսափակ լուսամուտ արել, կանգնել տակը, բա ժամանակ ունի՞ պատերազմ գնալու-սկսելու:

Ա~խ, դուք նկատի ունեք այլո՞ց: Որոնք կարող էին ԳՇ-ն ու նրա պետին հայրենիքը պաշտպանելու մղել, եթե փորձ արվի GPC-ով անիմաստ մկրատել Տավուշը ու հանդիպել ժողովրդի արդար ցասումին, կամ որ Ադրբեջանի սահմանին կուտակված զինվորները իրենց պահեն նույնքան ցինիկ ու ստոր, ինչպես Արցախո՞ւմ:

Կա՞ նման ընդդիմություն Հայաստանում: Ինչո՞ւ չեք տալիս անուններ: Թե՞ ձեր «ընդունելի քաղաքական գործիչ-կապիտուլյանտն» արդեն տվել է այդ անունները:

Ասել է` թատրոնն սկսում է հանդերձարանից, ինչպես ասել է ձեր հայրենակից Ստանիսլավսկին, ու նոր բեմականացման վարագույրները բացում եք դուք, պարոն Տարասով և այլք:

Նորից ողբերգության ժանրո՞ւմ, թե վոդևիլին էլ դեմ չեք… հը՞:

Կարմեն Դավթյան