Ցավալիորեն, հայերի դեմ ադրբեջանցիների հարձակումները շարունակվում են. Բրեդ Շերմանը ոգեկոչել է Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի զոհերի հիշատակն ու կոչ արել պատասխանտվության ենթարկել Ադրբեջանին

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը Կոնգրեսում ելույթի ժամանակ դատապարտել է հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած կոտորածները Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում՝ ոգեկոչելով զոհերի հիշատակը: Շերմանի հայտարարությունը ներկայացնում է Asbarez գործակալությունը:

«Կանգնած եմ ամերիկահայ համայնքի կողքին՝ ոգեկոչելով Սումգայիթում (1988 թ. փետրվարի 27-29), Կիրովաբադում (1988 թ. նոյեմբերի 21-27) և Բաքվում (1990 թ. հունվարի 13-19) հայ ժողովրդի դեմ իրականացված ջարդերի զոհերի հիշատակը:

33 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակիչները թիրախավորվել են իրենց էթնիկ պատկանելիության պատճառով:

The New York Times-ն արձանագրել է, որ հայերը «հետապնդման» են ենթարկվել:

Սումգայիթյան ջարդերը սկիզբն էին հայ փոքրամասնության դեմ բռնության էսկալացիայի, որից հետո հակահայկական բռնության ալիքը տարածվեց Կիրովաբադում և Բաքվում, ինչը հանգեցրեց Ադրբեջանից 390 000 հայերի հարկադիր տեղահանման և 1991-94 թվականների պատերազմին Արցախում:

Ցավալիորեն, հայերի դեմ ադրբեջանցիների հարձակումները միայն շարունակվում են: Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիայի վերջին դրսևորման ժամանակ Ադրբեջանը հարձակումներ է իրականացրել քաղաքացիների դեմ: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրել է քաղաքացիական կառույցների դեմ կասետային ռումբերի և հրետանային հրթիռների կիրառումը:

Այսօր, հայերը դեռևս գերության մեջ են գտնվում Ադրբեջանում՝ Հայաստան վերադառնալու ոչ մի հստակ ժամանակացույց չունենալով: Հայ ռազմագերիները ֆիզիկական բռնության և այլ անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում Ադրբեջանում: Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային հանրության կողմից, և ես կշարունակեմ աշխատել Կոնգրեսում՝ լույս սփռելու նմանօրինակ անցյալ և ներկա վայրագությունների վրա»,- ասվում է Շերմանի հայտարարության մեջ: