Այս գործընթացը որևէ իրավական հետևանք ՉՈՒՆԻ

Հիշեցման կարգով․

Հարգելի գործընկերներ, դեռևս մարտի 3-ին, 10-ից ավելի սահմանադրական իրավունքի ոլորտում մասնագիտացած գործընկերների հետ միասին ներկայացրել էինք դիրքորոշում, որ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու սկսված գործընթացը չունի որևէ իրավական նշանակություն և որևէ իրավական հետևանք։

Կրկին պետք է նշել՝ Սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է Գլխավոր շտաբի պետի հատուկ կարգավիճակը, որպես թիվ մեկ զինվորականի և ապահովում է, որ վերջինս նշանակվում է պաշտոնի օրենքով սահմանված ժամկետով, այն է 5 տարի։ Նշվածը երաշխավորում է, որ ԳՇ պետը կատարի Սահմանադրությամբ իր պարտականությունը այն է ապահովի ի թիվս այլի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ արտաքին և ներքին սպառնալիքներից և ԿԱԽՎԱԾ ՉԼԻՆԻ քաղաքական զարգացումներից։

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1518 որոշումը ամբողջությամբ բացահայտել էր Հանրապետության նախագահի լիազորությունները և դրանց ԾԱՎԱԼԸ։  Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը մեկնաբանելով ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ այս հարցին սպառիչ անդրադարձ կատարել է և Հանրապետության նախագահը կարող է միայն ՆՇԱՆԱԿԵԼ վարչապետի առաջարկությամբ Գլխավոր շտաբի պետին և չունի ԱԶԱՏԵԼՈՒ լիազորություն։ Այսինքն այս գործընթացը ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՎԵԼ, ինչպես այսօր ներկայացվել է վարչապետի հայտարարությամբ։

Գլխավոր շտաբի պետ Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին վարչապետի կողմից նախագահին ԱԶԱՏԵԼՈՒ առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ՝ հետևաբար կրկին պնդում եմ այս գործընթացը որևէ իրավական հետևանք ՉՈՒՆԻ։

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից