Թորոսյանի լռությունը վկայում է՝ տեղեկությունները ճշմարիտ են, իսկ Փաշինյանը հովանավորում է անօրինականությունը.Politik.am

Politik.am-ը գրում է. «Որքան էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խոսի արդարությունից, միևնույնն է շատերի համար հասկանալի է, որ այս իշխանությունը ունակ չէ արդար լինել և ունակ չէ հավասար պայմաններ ապահովել բոլորի համար:

Նախկինների, անգամ, թեթև զանցանքների մասին աղմկահարուց հայտարարություններ անող Փաշինյանն ու իր ենթակա իրավապահ համակարգը լռում է, երբ խոսք է գնում գործող իշխանության առաջին դեմքերի մասին: Մեկ ամսից ավել ժամանակ է, ինչ մեր հրապարակումներից մեկով աղմկահարույց բացահայտում էինք իրականացրել` ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի մասին: Մեր հրապարակման մեջ մասնավորապես նշվում էր. «Արսեն Թորոսյանը և Արտյոմ Սմբատյանը ձևավորել և իրենց տրամադրության տակ տևական ժամանակ ունեցել են ոստիկանության  նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր հետևել են նշված պաշտոնյաների համար հետաքրքրություն կամ վտանգ ներկայացնող անձանց, տեղեկություններ են հավաքել նրանց վերաբերյալ, բացի այդ ապահովել են, որ իրավապահները չկարողանան աննկատ վերահսկեն նշված պաշտոնյաներին, այսինքն խմբի անդամները, շրջապատի համար աննկատ շրջելով Արսեն Թորոսյանի կամ Արտյոմ Սմբատյանի հետ, հեռվից-հեռու դիտարկել են, թե արդյոք իրավապահները վերջիններիս հետևո՞ւմ են, թե ոչ, իսկ դա արել են, որպեսզի իրավապահ մարմինների աշխատակիցները չկարողանան հետևելու միջոցով տվյալներ ստանան, պարզեն Արսեն Թորոսյանի և Արտյոմ Սմբատյանի կասկածելի հանդիպումները եւ գործարքները։

Խումբը ձևավորվել և անմիջականորեն վերահսկվել է Արտյոմ Սմբատյանի կողմից, ով ՀՀ ՊԵԿ-ի օպերատիվ մարմնի նախկին աշխատակից է, իսկ անձանց հետեւելու հանձնարարականները տրվել է անձամբ Արսեն Թորոսյանի կողմից։ Խմբի անդամները հետևել են   իրենց հակադրվող տարբեր պաշտոնյաներին և բժշկության ոլորտի հետ առնչություն ունեցող, իրենց քննադատող անձանց։ Խմբի անդամները հետեւել են նաեւ նշված պաշտոնյաների կանանց։

Հատկանշական է, որ ոստիկանության գաղտնի ծառայության նախկին այդ աշխատակիցները իրենց «աշխատանքի» համար անհասկանալի է, թե ինչ աղբյուրներից են վարձատրվել։ Կան տեղեկություններ, որ նշված պաշտոնյանների հանձնարարությամբ նրանք տարբեր հաստիքների վրա աշխատանքի են ընդունվել պետական հիվանդանոցներում։ Այս պարագայում հարց է առաջանում արդյո՞ք նրանք կատարել են օրինական իրենց պարտավորությունները եւ Թորոսյանին ու Սմբատյանին ծառայություններն են մատուցել զուգահեռ, թե՞ նրանց նշանակումը պետական հաստատություններում եղել է աշխատավարձ վճարելու ոչ օրինական միջոց։

Արսեն Թորոսյանը իրավապահ մարմիններից հատկապես սկսել է նման կերպ պաշտպանվել իր տեղակալ Արսեն Դավթյանին կաշառք ստանալու պահին բռնելուց հետո, քանի որ կասկածել է, որ ԱԱԾ աշխատակիցների թիրախում կարող է հայտնվել նաեւ ինքը։

Խմբի գոյության եւ կատարված գործողությունների մասին 2020 թվականի սկզբներին հայտնի է դարձել ԱԱԾ աշխատակիցներին, նրանք պարզաբանել են բոլոր մանրամասները, թե խումբն ով է ղեկավարում, ում պատվերներն են կատարում, ում են հետեւել, ինչ տվյալներ են ստացել, որ հիվանդանոցներում են որպես աշխատողներ հրամանագրվել։ Այդ ամենի մասին անմիջապես զեկուցվել է վարչապետին, առաջարկելով վնասազերծել խմբի անդամներին եւ նրանց ղեկավարող վերոհիշյալ պաշտոնյաներին, սակայն վարչապետը կտրականապես դեմ է եղել եւ արգելել է բռնել խմբին, ավելին հանձնարարել է դադարեցնել Արսեն Թորոսյանի, Արտյոմ Սմբատյանի եւ խմբի անդամների նկատմամբ բոլոր միջոցառումները ու այլեւս այդ հարցով չզբաղվել»։

Մեր այս հրապարակումից անցել է ավելի քան մեկ ամիս: Այս ընթացքում Արսեն Թորոսյանը հրապարակային հերքմամբ հանդես չի եկել, իսկ իրավապահները մատը մատին չեն տվել, որպեսզի պարզեն, թե խոսքն ինչ խմբի մասին է եւ ինչպիսի հանցավոր գործունեություն են իրականացրել նրանք: Մի բան հստակ է՝ Արսեն Թորոսյանի լռությունը վկայում է, որ մեր տեղեկությունները բացառապես ճշմարիտ են եղել, իսկ իշխանությունների անգործությունը վկայում է, որ Փաշինյանը հովանավորում է նման անօրինական գործունեությունը: Եվ այսքանից հետո խոսել նախկինների հանցանքներից, կարծում ենք, առնվազն բարոյական չէ:

Հ.Գ. Հետաքրքիր է, թե այս խնդրի մասով ինչու էլ լռում դատախազությունը: Մեկ ամիս է ինչ կոնկրետ հանցագործության մասին հրապարակում ենք արել, իսկ  դատախազությունում համավոր հարսի դեր են խաղում»։