Տավուշի մարզպետը հանդիպել է միջպետական ճանապարհը փակած ցուցարարների հետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է ավելի վաղ Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը փակած ցուցարարների հետ։ Այս մասին ասել է մարզպետի մամուլի խոսնակ Լիլիթ Սարգսյանը։ Գրում է NEWS.am-ը։

«Մարզպետը նշել է, որ Տավուշի ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներ փակելուն սկզբունքորեն  դեմ է։ Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգող հարցերը տվեցին, որոնց պատասխանեց մարզպետը։ Որպես վերջնարդյունք արձանագրվեց, որ բնակիչներն իրեց հարցերի պատասխանները ստացան եւ անվստահության մթնոլորտ չկար»,-ընդգծեց մարզպետի մամուլի խոսնակը։

Նշենք, որ այսօր իջևանցիները փակել էին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը: Նրանք հանդիպում էին պահանջում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ,  պարզելու՝ ինչ է տեղի ունենում սահմաններին:

«Մենք ընդամենը ուզում ենք, որ մարզպետարանից մեզ հաստատեն, որ մեր հողերի, մեր սահմանի հետ կապված հող տալու խնդիր չկա: Այսօր մտահոգություն է առաջացել, որ տարածքներ կարող է հանձնեն թշնամուն: Երբ ասում են՝ Տավուշի մարզի տարածքից ոչ մի մետր չեն տալու թշնամուն, ուզում եմ հասկանամ, թե իրենց ասած Տավուշի մարզը որտեղից է սկսվում եւ որտեղ է ավարտվում: Մարզպետը ոչ մի անգամ չի ասել, որ օրինակ, Բարխուդարլուն մնալու է Տավուշի տարածքում, ինչպես եղել է միշտ: Սրանով փորձում ենք անհնազանդության ակցիաներ իրականացնել, որ ուշադրության կենտրոնում պահենք հարցը»,– ասել էր ակցիայի մասնակիցներից մեկը։

Մոտ մեկ ժամ ճանապարհը փակելուց հետո, ցուցարարները բացել էին ճանապարհը։