Արա Զոհրաբյան. Կամ վարչապետը հրաժարվում է իր առաջարկությունից, կամ նախագահը դիմում է ՍԴ

«Մեր Սահմանադրությունն ուղիղ նախատեսել է, որ Հանրապետության նախագահը պետության գլուխն է, և ինքն է հետևում Սահմանադրության պահապանը։ Սա նշանակում է, որ պետության գլուխը, տեսնելով Սահմանադրության ենթադրյալ խախտումներ, պետք է իր լիազորությունները գործադրի»,-ՀՀ նախագահի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը։

Նա նախագահի նստավայր է եկել թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆալուկտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի,  ինչպես նաև  Ռոման Ռուստամի Գասպարյանի,
Զինավոր Շահենի Մեղրյանի, Վահագն Ռուբենի Չախալյանի հետ՝ պահանջելու, որ հենց այսօր Արմեն Սարգսյանը դիմի Սահմանադրական դատարան։

Զոհրաբյանն ընդգծեց՝ այս պահին վեճ է առաջացել հանրապետության սահմանադրական մարմինների միջև՝ զինված ուժերի ու վարչապետի, զինված ուժերը պահանջում են վարչապետի հրաժարականը, իր հերթին վարչապետը ՀՀ նախագահին առաջարկել է պաշտոնից ազատել ԳՇ պետին։ Առաջարկությունը Արմեն Սարգսյանն առարկություններով հետ է ուղարկել վարչապետին։

«Նախագահը նշել էր, որ հրամանագրի նախագիծն առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին, նաև նշել էր, որ ԳՇ պետի ազատումը կարող է հանգեցնել զինվորական այս խիստ կարևոր կառույցի էական խաթարմանը՝ դրանից բխող սահմանադրական կարգին սպառնացող վտանգներով»,-հիշեցրեց Զոհրաբյանը։

Նշենք, որ Սահմանադրության 155 հոդվածի 3-րդ մասը սահմանում է.

«Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը Գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին»։

Փաստաբանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չէր ընդունել այս առարկությունները, ՀՀ նախագահը չի ստորագրել հրամանագիրը, բայց կարծես չի էլ շտապում դիմել Սահմանդրական դատարան։

«Այսօր վերջին օրն է, որ նա կարող է դիմել ՍԴ։ Ստացվում է, որ Հանրապետության նախագահն ընտրել է անգործության ճանապարհը, որի իրավունքը չունի։ Այս պայմաններում նա փոխարեն երկու լուրջ սահմանադրական մարմինների միջև վեճը տեղափոխի դատական հարթակ՝ այսինքն քաղաքակիրթ հարթակ, փաստորեն հրաժարվում է այդ գործիքից ու բոլորիս թողնում է բախտի քմահաճույքին։ Հիմա պատկերացրեք, եթե ԳՇ պետին ազատեցին, բայց վարչապետին չենթարկվեցին վարչապետի հրաժարականը պահանջող մյուս զինվորականները, ի՞նչ է տեղի ունենալու»,-ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, պահանջը ներկայացնում են գրավոր՝ այսօր դիմել Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:

«Եթե նա չդիմի ՍԴ ու մեզ թողնի բախտի քմահաճույքին, ապա մենք՝ նախաձեռնողներս, անպայման փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը, ինչի՞ց ելնելով է նա վախենում վարչապետից, ինչո՞ւ նա փոխեց իր կեցվածքը, արդյոք նրանից կրկին քաղաքացիության մասին տեղեկանք ուզեցին։ Հիմա չենք անդրադառնում այդ հարցին, բայց վաղվանից այդ հարցը դառնալու է մեր քննարկման առարկան։ Այս հարցի լուծման երկու տարբերակ կա՝ կամ վարչապետը հրաժարվում է իր առաջարկությունից, կամ նախագահան դիմում է ՍԴ»,-ասաց Արա Զոհրաբյանը։