Ինչի մասին է լռում ՀՀ ՊՆ-ը

ՊՆ-ն ինչո՞ւ չի պարզաբանում, թե ի՞նչ նպատակով են Տավուշի մարզում գտնվում ռուս զինվորականները, ո՞րն է լինելու նրանց գործը: Ֆեյսբուքյան իր էջում հարց է հնչեցնում լրագրող Ոսկան Սարգսյանը:

«ՀՀ ՊՆ հայտարարել է․ «Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց»:

ՀՀ ՊՆ-ն մեղավոր է, որ Հայաստանի բնակիչներն այլևս չեն հավատում ռազմական գերատեսչությանը, քանի որ Արցախում 44 օր տևած պատերազմի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանի բերանով հնչեցրած կեղծ հաղթական զեկույցներով անընդհատ խաբել է։ ՊՆ-ն ինչո՞ւ չի պարզաբանում, թե ի՞նչ նպատակով են Տավուշի մարզում գտնվում ռուս զինվորականները, ո՞րն է լինելու նրանց գործը»,- գրում է լրագրողը։