Գերմանիան Ադրբեջանից կաշառքի գործով անձեռնմխելիությունից զրկել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին զեկուցող Ֆիշերին

Գերմանիայի Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկել է Ակսել Ֆիշերին՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) իշխող կոալիցիայի անդամին՝ քննիչներին խուզարկություններ և առգրավումներ կատարելու իրավունք տալով՝ Ադրբեջանի իշխանություններից կաշառք վերցնելու քրեական գործով։  Այս մասին գրում է Deutsche Welle-ն:

Անձեռնմխելիությունը չեղյալ համարելու մասին բանաձևն ընդունվել է միաձայն՝ հետևելով Մյունխենի գլխավոր դատախազության և Արդարադատության դաշնային նախարարության համապատասխան առաջարկություններին: Ասվում է, որ որոշումը կապված է Ֆիշերի՝ հօգուտ Ադրբեջանի իշխանությունների հնարավոր լոբբիստական գործունեության հետ:

Մյունխենի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է՝ կաշառք ստանալու մեջ կասկածելու համար: Ըստ տեղեկությունների՝ խուզարկություններ են իրականացվել Բադեն-Վյուրթեմբերգում և Բեռլինում, մասնավորապես՝ Բունդեսթագի տեղական գրասենյակում և բնակելի տարածքներում: Գործողությանը մասնակցել են դատախազության և քրեական գործերի դաշնային գրասենյակի շուրջ 60 աշխատակիցներ:

Խուզարկություններին նախորդում էին լայնամասշտաբ քննչական գործողություններն ընդդեմ Բունդեսթագի նախկին և ներկա պատգամավորների, ովքեր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) գերմանական պատվիրակության կազմում էին և մեղադրվում են Ադրբեջանի իշխանություններից լոբբինգի ու նաև հակահայկական գործունեության համար կաշառք վերցնելու մեջ:

«Ի թիվս այլնի, նրանք մեղադրվում են բալթյան բանկերում հաշիվներ ունեցող բրիտանական ֆիկտիվ ընկերությունների միջոցով 2008-2016 թվականների ընթացքում Ադրբեջանից գումար ստանալու մեջ», – ասվում է դատախազության հայտարարության մեջ: Ըստ դատախազության, այդ միջոցների ստացման դիմաց նրանք պարտավորվել են աջակցել ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորների պահանջներին՝ բանաձևերի ներկայացման ու քվեարկությունների ժամանակ։

Թրանսփարենսի ինթերնեշնլ միջազգային իրավապաշտպան կազմակերպության գերմանական մասնաճյուղը ողջունել է Բունդեսթագում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի մասշտաբային հետաքննությունները, որոնցում ներգրավված է ոչ միայն Ակսել Ֆիշերը:

«Transparency Deutschland»-ի նախագահ Հարթմութ Բյոմերը հիշեցրել է, որ 2019-ի մարտին կազմակերպությունը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ գերմանացի խորհրդարանականներ Կարին Շտրենցի և Էդուարդ Լինտների՝ մեղադրելով նրանց կաշառք ստանալու մեջ:

Հիշեցնենք, որ երկար տարիներ Ադրբեջանի իշխանությունները կաշառում էին ԵԽԽՎ-ում պատգամավորների՝ իսպանացի, իտալացի, բրիտանացի, գերմանացի և այլն, որի առանցքային նպատակն էր հակահայկական բանաձևերի ներկայացումը, ընդունումը, նաև Ադրբեջանի դեմ բանաձևերի չեզոքացումը, որոնցից ամենահայտնին է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին զեկույցի տապալումը։  Այս ամենը տեղ է գտնել «Խավիարային դիվանագիտության» զեկույցներում։ Ֆիշերը եղել է նաև ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող։