Խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի. Ազատամուտ համայնքի ղեկավար

Ռուս խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի, քանի որ որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանը:

«Ռուսները եկել են, բայց այն խոսակցությունները, թե ադրբեջանցիներ են եկել, դրոշներ են դրել, նման բան չկա: Զինվորականներից ենք իմացել ռուսների գալու մասին, բայց թե նպատակը որն է, մենք չգիտենք, մեկն ասում է՝ զորամաս են եկել, մեկն ասում է՝ եկել են ու դեպի սահման գնացել, տարբեր խոսակցություններ կան»,- պարզաբանեց նա:

Նշենք, որ ավելի վաղ հրապարակել էինք հասարակական ակտիվիստ Անի Կաղինյանի գրառումը․«Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում։ Ինչո՞ւ լրատվականները չեն անդրադառմում այս խնդրին մեր հողերը տալիս են ու տավուշցին մնացել է մենակ մեր բոլորիս խնդրի հետ։ Լրագրողներ ջան գնացեք տեղում պարզեք մենք պետք է իմանանք ի՞նչ է կատարվում մեր սահմանների հետ, պետություն և պետականություն ենք կորցնում»։