Դիտարկումներ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության կապակցությամբ Ազգային ժողովում տեղի ունեցած գործընթացների և դրանց սահմանադրականության վերաբերյալ

2020թ. մարտի 2-ին հրավիրված Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում իշխող խմբակցության պատգամավորները տապալեցին Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը` ելնելով քաղաքական դրդապատճառներից:  Ազգային ժողովի իշխող խմբակցության նման անթույլատրելի վարքագիծը խաթարում է բարձրագույն դատական ատյանի բնականոն գործունեությունը, վտանգում է նաև Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ մարդու արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Նման գնահատականով է հանդես եկել ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով ներկայացնելով իր դիտարկումները՝ ԱԺ-ում  ՎԴ դատավորների ընտրության շուրջ քննարկումների եւ քվեարկության վերաբերյալ։

Կից՝ Դ. Հարությունյանի դիտարկումներն ամբողջությամբ.

2020 թ. մարտի 2-ին հրավիրված Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում իշխող խմբակցության պատգամավորները տապալեցին Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը` ելնելով քաղաքական դրդապատճառներից: Իշխող խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ չնայած ներկայացված թեկնածուների նկատմամբ ունեցած խորին ակնածանքին՝ պայմանավորված նրանց ներկայացնող Բարձրագույն դատական խորհրդի նախագահի անձով, չեն մասնակցելու քվեարկությանը:

Ստորև ներկայացնում ենք մեր դիտարկումները Ազգային ժողովում տեղի ունեցած գործընթացների և դրանց սահմանադրականության վերաբերյալ:

  • Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կարգը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ և 135-րդ հոդվածներով: Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացը սկսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից թեկնածուների ներկայացմամբ: Կարգավորման տրամաբանությունը և նպատակը նրանում է, որ Ազգային ժողովին ներկայացվի Սահմանադրության 165-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Վճռաբեկ դատարանի դատավորին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեղեկություններ: Այդ տեղեկությունները վերաբերում են թեկնածուների կենսագրությունը, մասնագիտական և այլ որակներին, որոնք թույլ են տալիս նրանց հավակնել բարձրագույն դատական ատյանի դատավորի պատասխանատու պաշտոնին:
  • Հաջորդիվ, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Ազգային ժողովի պատգամավորները հարցեր են տալիս ներկայացնողին ` Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Թեև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածում նշված չէ, թե Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղղված հարցերը ինչ բովանդակության պետք է լինեն, սակայն, ակնհայտ է, որ դրանք պետք է միտված լինեն Ազգային ժողովի կողմից Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության գործառույթի իրականացմանը` Սահմանադրության 165-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշներին համապատասխանությունը բացահայտելու միջոցով: Մինչդեռ իշխող խմբակցության պատգամավորների հարցերը բացարձակապես ուղղված չէին նշված հարցը բացահայտելուն, այլ վերաբերում էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի անձին և ավելին, հաճախ էթիկակայի առումով դուրս էին խորհրդարան և դատական իշխանություն հարաբերությունների թույլատրելի սահմաններից:
  • Ժամանակակից իրավական պետությունների հիմնական օրենքներով, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածով, ամրագրված է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը: Այս սկզբունքը ընկած է ոչ միայն իրավական պետության, այլ նաև անձի` իր իրավունքները և ազատությունները անկախ դատարանի միջոցով պաշտպանելու հիմնարար իրավունքի հիմքում: Սա, իհարկե, չի բացառում օրենսդիր և դատական իշխանությունների միջև քննարկումները, սակայն այդ քննարկումները թույլատրելի են միայն այն պարագայում, եթե իրականացվում են փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և պահպանվում են նման քննարկմանը մասնակից դատավորների անկախությունը և անաչառությունը:
  • Թեև իշխանության թևերի միջև ողջամիտ քննադատությունը այդ քննարկման մաս կարող է կազմել, այնուամենայնիվ, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը ընդգծել է, որ հստակ սահմանագիծ կա արտահայտման ազատության և լեգիտիմ քննադատության` մի կողմից, և մյուս կողմից՝ դատական իշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ու անհարկի ճնշումների միջև: Քաղաքական գործիչները չպետք է կիրառեն պարզեցված կամ դեմագոգիայի հասնող փաստարկներ դատական իշխանությանը քաղաքական քարոզարշավների դեմ քննադատելու համար՝ պարզապես փաստարկ բերելու համար, կամ որպեսզի շեղեն ուշադրությունը իրենց սեփական թերացումներից: Չի կարելի նաև անձնական վիրավորանք հասցնել անհատ դատավորներին: Անպատասխանատու է, երբ քաղաքական գործիչները կատարում են անհավասարակշիռ քննադատական մեկնաբանություններ, և դա լուրջ խնդիր է առաջացնում, քանի որ դրանով դատական իշխանության նկատմամբ հանրային համոզվածությունը և վստահությունը կարող են ակամա կամ միտումնավոր կերպով խաթարվել: Նման դեպքերում դատական իշխանությունը պետք է մատնացույց անի, որ նման վարքագիծը ոտնձգություն է ժողովրդավարական պետության Սահմանադրության դեմ, ինչպես նաև ոտնձգություն է իշխանական մեկ այլ թևի լեգիտիմության նկատմամբ: Նման վարքագիծը նաև խախտում է միջազգային չափորոշիչները:
  • Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության կապակցությամբ ծավալված քննարկումների ընթացքում իշխող քաղաքական ուժի պատգամավորների մոտ կար թյուրըմբռնում նաև այն իմաստով, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հաշվետու է Ազգային ժողովին և պարտավոր է պատասխանել նրանց կողմից բարձրացված ցանկացած հարցի: Ի տարբերություն խորհրդարանական վերահսկողության ենթակա գործադիր իշխանությանը և այլ պետական մարմինների` դատական իշխանության հաշվետվողականության հիմքում կրկին ընկած է վերջինիս անկախության սկզբունքը, և դրանով պայմանավորված՝ օրինակ, Բարձրագույն դատական խորհուրդը չի ներկայացնում տարեկան զեկույց Ազգային ժողով, ինչպես դա անում են մի շարք պետական մարմիններ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, լինելով դատավոր, նաև կաշկանդված է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով դատավորին ներկայացվող վարքագծի կանոններով, այդ թվում նաև պարտավոր է  դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
  • «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` եթե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ: Իշխող խմբակցության կողմից Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը տապալելու պատճառը, ինչպես հայտարարել է խմբակցության ղեկավարը, պայմանավորված է ոչ թե թեկնածուներով, որոնց հանդեպ նրանք ունեն խորին ակնածանք, այլ նրանց ներկայացնող անձով: Այսինքն՝ իշխող խմբակցությունը, առաջնորդվելով քաղաքական դրդապատճառներով, հաշվի չի առնում բարձրագույն դատական ատյանի դատավորի պաշտոնի համար ներկայացված թեկնածուների արժանիքները: Հաջորդ խնդիրը կայանում է նրանում, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ներկայացնելը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասով ուղղակիորեն ամրագրված պահանջ է: Այսինքն՝ տասն օր հետո  Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի նոր թեկնածուներին կրկին ներկայացնելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Հաշվի առնելով իշխող խմբակցության դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանի դատավորի ազատ հաստիքը երկար ժամանակ կարող է մնալ թափուր:
  • Սահմանադրությունը, սակայն, նման իրավիճակների համար նույնպես նախատեսել է լուծում: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը Բարձրագույն դատական խորհրդին տալիս է հնարավորություն սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման կապակցությամբ դիմելու Սահմանադրական դատարան: Տվյալ դեպքում, կարծում ենք, Բարձրագույն դատական խորհուրդը ոչ միայն կարող է, այլ նաև որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող պետական մարմին՝ պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան` դատական համակարգի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով:
  • Ազգային ժողովի իշխող խմբակցության նման անթույլատրելի վարքագիծը խաթարում է բարձրագույն դատական ատյանի բնականոն գործունեությունը, որին Սահմանադրության 171-րդ հոդվածով վերապահված են օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման և մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացման պարտականությունները: Նման իրավիճակը վտանգում է նաև Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ մարդու արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար