Ռազմական դրությունը՝ գործիք իշխանության ձեռքերում. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանությունը. 168.am

168.am-ը գրում է. «Պատերազմի ավարտի, իսկ ավելի կոնկրետ՝ կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելու մասին հայտարարվեց դեռ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին, բայց մինչ օրս իշխանություններն ամեն կերպ Հայաստանում շարունակում են պահել ռազմական դրության ռեժիմը։

Թե ինչո՞ւ չի վերացվում ռազմական դրությունը, թերևս, պարզ է։ Սա միակ միջոցն է, որով իշխանությունները՝ օգտվելով Ազգային ժողովում մեծամասնություն ունենալու հանգամանքից, քիչ թե շատ զսպում են օրենսդրական ճանապարհով իրենց կառավարությանը և, մասնավորապես, վարչապետ Փաշինյանին, անվստահության քվե հայտնելու հարցը օրակարգ բերելը։

Ավելի քան 4 ամիս ձգվող ռազմական դրության ռեժիմը վերացնելու անհրաժեշտության մասին խոսում են ինչպես արտախորհրդարանական, այնպես էլ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։

Դեռևս անցած տարվա նոյեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նիստում դրված էր ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը։ Նախագծին «կողմ» քվեարկել էր 36 և «դեմ»՝ 56 պատգամավոր, արդյունքում որոշումը չընդունվեց:

Նախորդ տարվա նոյեմբերի 26-ից ռազմական դրության ռեժիմի պահպանմանը զուգահեռ երկրում է՛լ ավելի է սրվում ներքաղաքական լարվածությունը, ինչի պարագայում ռազմական դրության վերացումը միայն դրական նպաստում կունենար երկրում առաջացած ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գոնե մեկ քայլ առաջ գցելու հարցում, սակայն ապարդյուն։ Արդեն այս տարվա փետրվարի 26-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քայլ արեց ռազմական դրությունը վերացնելու հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել, սակայն հրավիրված Խորհրդի նիստին, որի որոշման հիման վրա միայն կարող է ԱԺ արտահերթ նիստ գումարվել, չմասնակցեցին ո՛չ Ազգային ժողովի նախագահը, ով ի պաշտոնե խորհրդի նախագահն է և ո՛չ էլ խորհրդի անդամ իշխանական պատգամավորները, նիստն էլ քվորում չլինելու պատճառով տապալվեց։ Ի՞նչ էր սա, եթե ոչ դիտավորություն։

Գուցե կլինեն շրջանակներ, ովքեր տեղի ունեցածը կորակեն այլ կերպ, սակայն փետրվարի 26-ին հերթական տապալված ԱԺ խորհրդի նիստն այլ բանի մասին է խոսում, իսկ տապալված նիստին հաջորդած մարտի 2-ի ԱԺ քառօրյայի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից արված հայտարարություններն է՛լ ավելի են ամրապնդում «դիտավորության» վարկածը։

Այսպես, մարտի 2-ին հրավիրված ԱԺ հերթական նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, թե ինչո՞ւ վերջինս չի կատարում իր պարտականությունները և չի ներկայացել փետրվարի 26-ին հրավիրված ԱԺ խորհրդի նիստին:

Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ խորհրդի նիստին չներկայանալն իր իրավունքներից մեկն է, ինչը կարող է պայմանավորված լինել գուցե քաղաքական, գուցե առողջական կամ գուցե այլ պատճառներով:

Ստացվում է, որ Արարատ Միրզոյանը, լինելով իշխող կուսակցության ներկայացուցիչ, սեփական քաղաքական թիմի շահերի համար չարաշահում է իր պաշտոնական դիրքը, իսկ Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթներին տալիս սխալ մեկնաբանությունը։

Թերևս կարիք է առաջանում Ազգային ժողովի նախագահին հիշեցնել իրեն վերապահված սահմանադրական գործառույթները, ինչպես նաև խորհրդարանական կառավարման ձևում խորհրդարանական փոքրամասնության դերակատարումը, նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Առաջնահերթ, խորհրդարանում իշխող քաղաքական մեծամասնության և փոքրամասնության հնարավորությունների միջև ողջամիտ հավասարակշռության ապահովման նպատակով արտահերթ նիստեր հրավիրելու իրավունքը վերապահվում է պատգամավորների ¼-ին, ինչի հնարավորությունից և օգտվել էին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։ Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահը և Խորհուրդը, ունեն միայն արտահերթ նիստերի նախաձեռնության իրագործումն ապահովելու պարտականություն, որը դրսևորվորվում է երկու կարևորագույն գործառույթով`

  1. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը, այսինքն՝ դրանում ընդգրկված բոլոր խմբակցություններին և պատգամավորներին, այլ ոչ թե՝ միայն իշխանական խմբակցությանը
  2. Ազգային ժողովի նախագահը պարտավորվում է ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը (հոդված 104, մաս 2):

Այսինքն, պարզ է դառնում, որ Ազգային ժողովի նախագահն իր գործառույթներն իրականացնելիս չի կարող առաջնորդվել միայն քաղաքական մեծամասնության շահերով, այլ պարտավոր է անաչառ ու հավասարակշռված կերպով ապահովել ամբողջ Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ինչը սակայն տվյալ պարագայում տեղի չի ունեցել։ Եվ Արարատ Միրզոյանի կողմից ԱԺ խորհրդի նիստերին մասնակցելը ոչ թե նրա, որպես Ազգային ժողովի նախագահի իրավունքն է, այլ վերջինիս՝ որպես ամբողջ ԱԺ նախագահ և ԱԺ-ի բնականոն գործունեությունը ապահովելու պարտականություն ունեցող անձ` Սահմանադրությամբ ամրագրված հստակ պարտականություն։

Ականատեսն ենք լինում քաղաքական շահերից ելնելով Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի բացահայտ ոտնահարմանը։

Ի՞նչն էր խանգարում Արարատ Միրզոյանին ԱԺ խորհրդի նիստին անձնական կամ առողջական պատճառներով բացակայելու դեպքում օգտվել ԱԺ կանոնակարգ օրենքի հոդված 31, մաս 1-ով տրվող հնարավորությունից և ԱԺ խորհրդի նիստի նախագահումը տալ փոխարինող տեղակալին։ Պատասխանն առավել քան հստակ է՝ չներկայանալու պատճառը քաղաքական է. երկրում ռազմական դրությունը վերացնելու հարցն օրակարգ բերելը իշխող կուսակցությունը զսպելու է այնքան ժամանակ, քանի դեռ ռազմական դրության մեջ գտվող երկրի յուրաքանչյուր օրն իր նպաստումն է ունենում Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին պահպանել իրենց արդեն իսկ տապալված իշխանությունը»,- գրում է կայքը։