Ո՞վ կա վարագույրի հետևում

Ժամանակն է հարցնել. Նիկոլ Փաշինյանը ամբողջական քանդեց հայ գենո՞մը, հետևաբար` պետությունը և այն ամենը, ինչ ամբողջացնում է հայ էթնոսին, որպես տեսակ, որպես առաջինը քրիստոնեությունը պատվիրանված ամբողջականություն, թե դեռ ինչ-որ բան մնացել է:

Եվ արդյո՞ք էթնոսի ներքին քայքայման այս կարեվեր ժամին նրա գլխին կանգնած չհայ-չմարդը հայի ներքին քայքայման արդյունք է, թե քաղաքակրթության հինավուրց օրրան Հայասան Արմագեդոնի մեկնարկի նշանային համակարգն է տարուբերում` գլոբալիզացիոն աշխարհի վրա, որպես նոր կրոն` հանուն քրիստոնեական արժեքներին պատերազմ հայտարարած համաշխարհային տիրապետության ադեպների:

Կարծում ենք` երկուսը միասին. Հայաստանը (Արցախը) Մեծ Մերձավոր Արևելքի, պանթուրքիզմի, գլոբալիզացիայի ճամփեքին ոչ միայն աշխարհագրական լուրջ հանգույց է, այլև` էներգետիկ խիստ ուրույն կետ. այս տարածքում է եղել դրախտը, իջել Նոյ Նահապետը, հայը վերականգնվելու յուրահատուկ կոդ ունի. ըստ ուսումնասիրությունների` նրա արյունն ինքնուրույն վերականգնվում է յոթ տարին մեկ` վերականգնելով սրտի վիճակը, որպես էներգետիկ տրանսֆորմացիայի աղբյուր. սրտում են բոլոր խորհուրդները, որոնք քննում է միայն Աստված:

Շատ չենք խորանա. կասենք` Նիկոլը առաջադրանք ուներ խփել հայ սրտին, հայ տարածքին, որպեսզի գլոբալ խաղացողներն էլ «ա,բ,գ» պլաններով տիրեն տարածաշրջանին, Արցախին, Սյունիքին, Հայաստանին, ամենքն իրենց աշխորժակի ու կարողության չափով հայ տեսակի վրա ապրոբացնեն` Իրանը, Ռուսաստանը, Կենտրոնական Ասիան, Չինաստանը` ողջ աշխարհը:

Այսպիսով. ո՞ւր ենք հասել, ո՞ւր են հասցրել «Նիկոլ&պրոդաքշընը» այսօր բոլորին:

Գրողը տանի, նորից խփվում ես նույնին, երբ մի պահ մտածում էիր, որ ինչպես 2018-ին երբ Նիկոլին սկսեցին պաշտպանել (բացի ՀՀԿ-ից) բոլոր քաղաքական ուժերը, հեռվից նրան ձեռքով արեց դաշնակից Ռուսաստանը, գրեթե ողջ աշխարհը, նույնը կատարվեց Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, երբ փոքրիկ Արցախի վրա ֆոսֆորային զենք էր կիրառվում, հումանիտար աշխարհը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, G-8, G-20 որևէ կոնկրետ քայլ չձեռնարկեցին:

Ավելին` Նիկոլին վերցրին իրենց պաշտպանության տակ: Ասել է` Հայաստանը, ինչպես 1988-ին, դարձել էր աշխարհ իդեա-ֆիքսը:

Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, այդ թվում` Իսկանդերի ու ԳՇ-ի շուրջ, նույնպես պրոեկտավորված էր հայոց վերջին Բաստիոնը, մեծ զրկանքների գնով կայացված, հայոց սիրտը ապաքինած, ոգին բարձր պահած (չնայած պարտությանը) հայոց բանակը քանդելու նպատակով, ինչպես հայոց եկեղեցին, դպրոցը, քաղաքական դաշտը, իրավական, բարոյական ոլորտները, առողջապահությունը, Սյունիքը… ամենը քանդվեցին:

Հայոց բանակը պետության հիվանդ մահճի վերջին մեխն է, ու պետք չէ ամենևին կասկածել, որ Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյանը զույգը «փոխըմբռնաբար» կիրականացնի նաև այդ հայաստանասպանությունը. գործից կազատեն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, և որքան էլ ցավալի՝ նա իրավական պատասխանատվության կենթարկվի: Հեշտացնելով ապագա զարգացումները:

Ու դա կլինի հայոց պետության, բանակի նկատմամբ ամենաստոր, ամենասարսափելի լինչը` պատերազմական բունկերային-գեներալիտետի «ասֆալտափռման», Վազգեն Սարգսյանի արձանը խիստ մտածված՝ Շուշիիում թողնելուց հետո…

Հարցնում եք` «Ա Պոլշա՞». Իսկ Ռուսաստանը, ինչպե՞ս կվերաբերվի սրան:

Նորմա ՛լ: Մայր-Ռուսաստանը «չի խառնվում» Հայաստանի ներքին գործերին, նրան լիովին բավարարում է Նիկոլ Փաշինյանը, նրա խելագար ապաշխարանքը` Իսկանդերի 10 տոկոս պայթելու ու մնացած ամեն ինչի մասով: Ավելին`Դիմա Պեսկովը նախորդ օրը չխորշեց Վլադիմիր Պուտինի ընկեր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և «չդավաճան», իրականում վտանգավոր մարդասպան-պետականսպան կապիտուլյանտ Նիկոլին դնել նույն հարթության վրա, որպես Ռուսաստանին բարեկամ քաղաքական-գործիչներ:

Հավելենք` Ռուսաստանի համար բարեկամ են ոչ միայն Հանրապետության հրապարակում հավաքված նիկոլական վարչական ռեսուրսի «դըմփ-դըմփ-հու» էքստազականները, այլև Բաղրամյանում հավաքված 17-ը, որոնք «աթանդա» պահակի նման հսկում են Նիկոլին՝ որպես դագանակ, որպեսզի նա ընդդեմ Ռուսաստանի քայլեր մտքով չանցկացնի, ընդ որում հսկում են` Նիկոլի սնայպերների աչալուրջ հայացքի ներքո, ու բացի դեկլարատիվ կոչերից, ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկում… քանզի մայր-Ռուսաստանին կարող է դա դուր չգալ:

Իսկ նրանք, ովքեր կարող են կոնկրետ քայլեր, դիվանագիտություն, լրջագույն շախմատային տախտակ շարել, քայլեր ձեռնարկել, այսօր պասիվ են:

Տանք ամենակարևոր հարցը. Հայաստանում կա՞ն խորքային պետության ներկայացուցիչներ, ինչպես նախկինում: Կա՞ն խաղացողներ, որոնք մի քանի քայլ առաջ են պլանավորում` Հայաստանը վերջանական կործանումից փրկելու, ֆորս-մաժորային հայանպաստ պլան «ա-բ» ունենալու առումով:

Ասել է` կա՞ն մարդիկ «վարագույրի» հետևում:

Կրկին մտնենք հոգևոր-էներգետիկ դաշտ. Աստվածաշնչյան Հին ուխտում քահանաները տարին մեկ անգամ մտնում էին Սրբության Սրբոց` խորան, վարագույրի հետևում խնդրանքներ մատուցելու Աստծուն:

Աշխարհականացնելով նշանային այս համակարգը՝ հարցնենք. քրիստոնեությունն առաջինն ընդունած հայը այսօր ունի՞ վարագույրի հետևում կանգնածներ, ուր Աստված մոտիկից է լսում երկրի համար աղաչանքն ու աղոթքը, որոնք Հայաստանի համար երկինք-երկիր տարածքում հայոց շահի խնդրանքն ու իրական քայլերի կասկադ են մատուցում:

Չգիտեմ: Գիտեմ, որ ցայս երրորդ նախագահը ներքաղաքական-գեոքաղաքական քարտեզներ ուներ, ուր խաղը թե էներգետիկ, թե քաղաքական, այո, ինչու ոչ, թե «մնացյալ» առումներով (անգամ թույլատրելի-անթույլատրելի. թե հեղինակությունների կողքին, գիտնական-մտավորականների, կարևոր ցանկացած մեկի) դերաբաշխումներով խաղ էր կառուցում`

– ՎԱՍՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԼԱՆՍԱՎՈՐՄԱՆ:

Վասն, այո, միգուցե, նաև` իր իշխանության: Ու չնայած մեծ սխալներին, բացթողումներին, կադրային անտանելի լուծումներին, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՑԱԽԸ ԿԱՅԻՆ, հայը իսկապես հպարտ էր, երկրի հետ հաշվի էին նստում բոլորը, այդ թվում և վերջին ամիսներին բերանը խնձոր չմտնող Ալիև-թուրքը…

Խորապես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի ակտիվ խաղի պարագայում, ստեղծված պայմաններում անգամ խաղը հավասար վերաբաշխվելու էր բոլոր դերակատարների միջև:

– Քաղաքական մի խումբ` գրագետ տեխնոլոգիաներով ու պահաջարկով բարձրաձայնելու էր Արցախի կարգավիճակի, Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը (հասկանալի է` դժվար իրականացվող խնդիր, սակայն հանրության մեջ կլիներ վեկտոր, որն այդ պահանջի պուլսի վրա կստիպեր խաղը պահել հայկական շահի դաշտում):

– Կլիներ քաղաքական խումբ, որը լրջորեն կխոսեր ռուս-թուրքական` մոսկովյան պայմանագրի մասին (նույնպես դժվար գործընթաց, սակայն բարձրաձայնումն իսկ կդառնար հայոց շահի հերթական ակցիան):

– Կլիներ խումբ, որ կփորձեր հասկանալ ԱԳՆ հայտարարությունը՝ ինչ ասել է` Թուրքիան պետք է վերացնի ապաշրջափակումը. ինչի՞ դիմաց: Արցախի՞, թե ցեղասպանության…

– Կլիներ խումբ, որ թույլ չէր տա ԳՇ-ն սահմանադրական փոփոխություններով անցներ ՊՆախարարի իրավասության (կոնկրետ դեպքում ԳՌՈՒ-ի գեներալ, նախկինում`«ասֆալտի գեներալ» համարվող Վաղարշակ Հարությունյանի իրավասության ներքո), որպես բանակի վերջնական անէացում` հեշտ կառավարելու հայոց ոգին, Արցախի հուշը վերացարկելու համար:

Ասել է՝ կոնցեպտուալ-բազմավեկտոր հարցերի օրակարգ կլիներ, ինչն էլ կհավաստեր Պետության գոյության:

Եվ ոչ` վախճանի մասին:

Կարմեն Դավթյան