Խրամատավորվելը լավ բան չի նշանակում. Գորիսի փոխքաղաքապետ

«Իրավիճակը հեռու է կայուն լինելուց, անընդհատ զարգացումներ են տեղի ունենում, օր օրի մեր վիճակն ավելի է վատանում»,- «Սյունիքը պատերազմից հետո. անվտանգության և հաղորդակցության խնդիրները» թեմայով քննարկման ասաց  Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

Նա նշեց, որ Գորիս-Որոտան ճանապարհի երկայնքով թշնամին խրամատ է փորում:

«Կապիտուլյացիոն պայմանագրից հետո, երբ խոսում էինք ռուսական կողմի, մեր սահմանապահների հետ, հստակ պատասխան ունեին, որ տվյալ տարածքներում խրամատավորվելու խնդիր չկա, քանի որ տարածքները վերահսկվում են սահմանապահ զորքի կողմից: Բայց արի ու տես, որ թշնամին սկսել է խրամատավորվել շփման գծի երկայնքով: Հենց Որոտան գյուղի շրջակայքում են սկսել առաջին խրամատները փորել: Խրամատավորվելը լավ բան չի նշանակում»,- ասաց Գորիսի փոխքաղաքապետը:

Նա ընդգծեց՝ եթե նորից սա թողնեն բարձիթողի վիճակում, թշնամին հասցնի մինչև վերջ խրամատավորվել, դա միանշանակ մեզ  համար կունենա ավելի վատ հետևանքներ՝ ավելի կամրապնդեն իրենց դիրքերը, որոնք ստացել էին GPS-ով:

«Իշխանություններն արդուկում էին մեր գլուխները՝ ասելով, որ այդ սահմանները վերջնական չեն, պետք է նորից ճշգրտվեն: Բայց խրամատավորվել ինչ որ x տարածքում,  նշանակում է, որ վաղը ոչ մեկ չի կարողանալու իրենց ասել, որ այստեղ չպետք է կանգնեք, այլ, օրինակ, 3 կմ  հետ նահանջեք: Բնականաբար, չի ստացվի»,- ասաց Մ. Հովսեփյանը:

Գորիսի փոխքաղաքապետն անդրադարձավ նաև նախօրեին Ալիևի արած այն հայտարարությանը, թե պատմական Ադրբեջանին պատկանող Զանգեզուրով անցնող ճանապարհային միջանցքը շուտով կաշխատի,  Թուրքիան ու Ադրբեջանը միմյանց հետ կկապվեն:

«Ուղղակի չեմ հասկանում՝ մեր երկրում չկա՞ն իշխանավորներ, որոնք ռիսկ կանեն այս հարցադրումներին պատասխանել: Ե՞րբ ենք մենք վերջապես պատասխանելու: Ի՞նչ է նշանակում՝ թշնամի երկրի ղեկավարը հայտարարում է  պատմական Ադրբեջանին պատկանող Զանգեզուրը, մենք ոչինչ չենք ասում: Ստացվում է՝ մենք ընդունո՞ւմ ենք իր ասածը: Բնականաբար, մենք մերժում ենք, չի կարող նման բան լինել: Այդ հայտարարությունն իրականության հետ ոչ մի աղերս չունի:

Կոչ եմ անում ավելի լուրջ հետևել այս ամեն ինչին, վերջապես պետք է գտնել մի տղամարդ,  որը կարող է պատասխան տալ»,- ասաց Մ. Հովսեփյանը:

Նա կրկնեց, որ Սյունիքում օրեցօր իրավիճակն ավելի է բարդանում: «Այս պահի դրությամբ պրոցեսները, ըստ իս, կառավարելի չեն, ինքնահոսի են, և մեր թշնամին ինչ ուզում, երբ ուզում, անում է: Թշնամին այսօր խրամատ է փորում, ինչ ուզում անում է, բայց մեկը չի ասում, ամենաբարձր մակարդակով վարչապետ կոչվածը չի վեր կենում ու ասում՝ ժողովուրդ ջան, հիմա Ալիևին կպատասխանեմ»,- ասաց Գորիսի փոխքաղաքապետը: