Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ, այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է. Վազգեն Սարգսյան

Այսօր` մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է  1959 թ. Արարատ գյուղում, ծառայողի ընտանիքում: 1979 թ. ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի պատական ինստիտուտը` գերազանցության դիպլոմով, աշխատել է որպես ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը անկախ Հայաստանի առաջին Պաշտպանության նախարարն է, նշանակվել է 1991 թվականի դեկտեմբերին:

1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց, որով պաշտոնապես ստեղծվեցին Հայաստանի զինված ուժերը: Արցախում ռազմական գործողությունների աճի հետ 1992 թվականի մարտին Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է 30,000 զինվոր ունեցող հզոր բանակ, որպեսզի ապահովվի երկրի անվտանգությունը: 1992 թվականի մայիսի 9-ին գրանցվեց առաջին լուրջ հաջողությունը Արցախում՝ Շուշիի ազատագրմամբ: Ոչ պակաս կարևոր հաջողություն էր մի քանի շաբաթ անց Բերձորի ազատագրումը, որով Արցախը ցամաքով կապվեց Հայաստանին:

1992 թվականի ամռանը իրավիճակը օրհասական էր հայկական զինված ուժերի համար, երբ Ադրբեջանը ձեռնարկեց «Գորանբոյ» գործողությունը, ինչի հետևանքով օկուպացվեց Արցախի հյուսիսային հատվածը: 1992 թվականի օգոստոսի 15-ին Սարգսյանը կոչ արեց հայ տղամարդկանց՝ կամավորագրվել զինված ուժերում և հետ մղել Ադրբեջանի գրոհները Արցախի հյուսիսում: Նա հեռուստատեսային իր ելույթում ասաց. «Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և կենդանի մնալու հավանականությունը կեսի կես է։ Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք և եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է։

Շնորհակալ եմ»:

Սարգսյանի կոչով ձևավորված գումարտակը՝ «Արծիվ մահապարտները», կազմավորվեց 1992 թվականի օգոստոսի 30-ին՝ գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանի հրամանատարության ներքո և պարտության մատնեց ադրբեջանական զորքերին Մարտակերտի շրջանի Գանձասար վանական համալիրի և Չլդրան գյուղի մոտ, համապատասխանաբար, 1992 թվականի օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին: Համաձայն Հայաստանի պաշտպանության նախարարության՝ մահապարտների գումարտակը կանգնեցրեց ադրբեջանցիների առաջխաղացումը և բեկեց պատերազմի ընթացքը հայերի օգտին:

Սպարապետի խոսքերից

Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:

Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտարամաբանական ատելության երկիր է:

Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա։

Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ, այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: