Իրան. Թուլացած Հայաստանի դեպքում անհնար է տարածաշրջանում երկարաժամկետ և երաշխավորված խաղաղություն պահպանել

Մարտի 1-ին Հայաստանում գործող «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին մի քանի հետաքրքիր հայտարարություններ է արել՝ թե նոր պայմաններում հայ-իրանական հարաբերությունների (այսինքն`երբ Հայաստանը գտնվում է ինքնիշխանությունը և պետականությունը կորցնելու ճանապարհին), թե Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի, և դրա հետագա հնարավոր զարգացման, թե Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմակերպությանը Իրանի ապագա լիարժեք անդամակցության վերաբերյալ: Հայաստանի քաղաքացիներին, կարծում ենք, օգտակար կլինի ծանոթանալ Պույա Հոսեյնիի մի շարք կարծիքների հետ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից:

EADaily.com պորտալին տված հարցազրույցի ժամանակ Իրանի ներկայացուցչին հարց է տրվել. «Ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ Իրանի տնտեսական ինտեգրման հարցում: Իրանը Հայաստանին համարո՞ւմ է ԵԱՏՄ-ի հետ կապող կամուրջ, թե Թեհրանը կնախընտրի կապը Ռուսաստանի ու Եվրասիական միության այլ երկրների հետ Կասպից ծովով»: Պարոն Հոսեյնին, ինչպես Իրանի մյուս ներկայացուցիչները, պատասխանել է ուղղակիորեն, բայց միևնույն ժամանակ ոչ շատ կոշտ. «Հայաստանը ԵԱՏՄ-ում միակ երկիրն է, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ: Իրանում շատ հայեր են ապրում, նրանց շնորհիվ իրանցիները սերտ կապեր ունեն հայկական քաղաքակրթության հետ: Աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ Իրանում և Ռուսաստանում, Հայաստանն ունի ազդեցիկ սփյուռք, որի ներկայացուցիչների թվում կան շատ հաջողակ գործարարներ և մասնագետներ, որոնք վստահություն են վայելում այս երկրներում: Իրանի գործարար մշակույթը լրջորեն տարբերվում է ուրիշներից, որի պատճառով բարձրորակ իրանական արտադրանքը դեռ լայն տարածում չի գտել ռուսական շուկայում: Մեկ այլ պատճառն էլ այն է, որ իրանցիները չունեն համապատասխան լծակներ և կապեր ռուսական շուկայում, նրանք բացարձակապես ծանոթ չեն ռուսական բիզնեսի մթնոլորտին, օրենքներին և տեղական մտածելակերպին: Այս տեսանկյունից, Հայաստանն ու հայերը, ունենալով շատ լավ հարաբերություններ ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի հետ, կարող են դառնալ այս երկու խոշոր շուկաների կապող օղակը, ինչպես նաև ունենալ անփոխարինելի դեր Ռուսաստանի հետ Իրանի տնտեսական համագործակցության մեջ»:

Ինչ վերաբերում է Կովկաս-Կասպիական տարածաշրջանում պետությունների դերին՝ Իրանի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդման գործում, ապա ոչ մի այլ երկիր չի ցուցաբերել այդպիսի անկեղծ ցանկություն ապահովել այդ հարաբերությունները, ինչպես Հայաստանը, շեշտել է պարոն Հոսեյնին։ «Բացի դրանից, Կասպյան երկրները նախընտրում են ռուսական շուկայում գովազդել միայն իրենց մերձավոր դաշնակիցների և գործընկերների ապրանքները, ոչ թե ներկայացնել իրանական արտադրանք: Կարևոր եմ համարում նշել նաև, որ Իրանը և Հայաստանն իրենց ընդհանուր սահմանում ունեն երկու ազատ տնտեսական գոտիներ` Արասը (Արաքս – իրանական կողմից) և Մեղրին: Եվ նրանք կարող են, ԵԱՏՄ շրջանակներում, համատեղ ձևավորել մեծ, միասնական ազատ գոտի, և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները պետք է օգտագործեն այս կարևոր հնարավորությունը»,- նշել է Իրանի ներկայացուցիչը:

Էլ ավելի հետաքրքիր են Հոսեյնիի գնահատականները թուրքերի և կովկասյան թաթարների՝ Արցախի  հայության դեմ պատերազմի հետ կապված: Հարցին. «Ի՞նչ իրավիճակում է հայտնվել Իրանը Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո: Ինչո՞ւ է Իրանը տնտեսական հետաքրքրություն ցուցաբերում Ղարաբաղի այն տարածքների նկատմամբ, որոնք պատերազմի արդյունքում գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ», «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» ղեկավարը պատասխանել է. «Նախ, մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցերին. ո՞րն էր վերջին ղարաբաղյան պատերազմի էությունը, ո՞ր երկրների շահերին էր այն ծառայում: Այս ողբերգական պատերազմը զինված բախում էր միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև՞, թե ավելի լայն առճակատում էր դրա հետևում թաքնված ուժերի հետ: Եվ այդ ուժերը թույլ են տվել Ադրբեջանին լուծել միայն Ղարաբաղի՞ հարցը, թե այլ խնդիրներ: Այնպես որ, Ղարաբաղում վերջին պատերազմն ուղղված էր ոչ միայն Հայաստանի, այլև ամենից շատ Ռուսաստանի և Իրանի դեմ: Այս պատերազմի թաքնված ուժերը, բացի Մերձավոր Արևելքից, բացել են դիմակայության երկրորդ ճակատն Անդրկովկասում՝ Իրանի և Ռուսաստանի սահմանների մոտ՝ տարածաշրջանում Մոսկվայի և Թեհրանի ազդեցությունն ու դիրքերը թուլացնելու հստակ նպատակով: Ռուսաստանին հաջողվել է կասեցնել պատերազմը: Պատերազմի արդյունքում առաջին հերթին  պարտվել է Հայաստանը: Իրանը երկրորդն էր, որ պարտվեց այս պատերազմում, քանի որ Անդրկովկասում նրա դիրքերը էլ ավելի թուլացան: Բայց դա դեռ ամենը չէ: Հակամարտող ուժերի սցենարը դեռ ամբողջությամբ չի իրացվել, բաց և թաքնված նպատակների իրագործմանը վերջ չի տրվել: Տարբեր բախումներում Իրանը միշտ ցույց է տվել, որ որոշ կարճաժամկետ դիմակայություններում կարելի է պարտվել, բայց երկարաժամկետ հեռանկարում նա հաստատ ամրագրելու է իր դիրքերը և հասնելու է հաղթանակի ու չի համակերպվելու նրան փաստի առաջ կանգնեցնելու հետ, եթե դա չի համապատասխանում իր ռազմավարական շահերին: Իսկ Իրանի տնտեսական հետաքրքրությունը Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների նկատմամբ ինքնանպատակ չէ: Սա տարածաշրջանում այն ​​ազդեցություններից մեկն է, որը Իրանը փորձում է վերականգնել վերջին ռազմական սրացումից հետո»:

Եվ ահա պարոն Պ. Հոսեյնիի հարցազրույցի ամենահետաքրքիր մասը: Նրան տրվել է վերջին հարցը. «Ընդունված է համարել, որ տարածաշրջանում պատերազմի արդյունքը Ռուսաստանի և Թուրքիայի դիրքերի ամրապնդումն էր: Արդյո՞ք Իրանը համակերպվելու է դրա հետ, և ինչպե՞ս է Թեհրանը դիրքավորվելու հետպատերազմյան շրջանում»: «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» ղեկավարը պատասխանել է, ինչպես առաջին հայացքից թվում է, պարզեցված կերպով: Սակայն միևնույն ժամանակ, նրա պատասխանում լսվել է ակնարկ այն մասին, որ Անդրկովկասի հայերի ապագան կարող է հուսադրող դառնալ. «Երկար տարիներ Իրանը և Ռուսաստանը, իրենց չեզոք դիրքերով, նպաստել են խաղաղության պահպանմանը և փորձել գտնել բանակցությունների միջոցով Ղարաբաղի հարցի լուծում: Այս խաղաղ մոտեցումը, ցավոք, խախտվել է, և Թուրքիան անմիջապես հրահրել է հակամարտություն ու պատերազմում ամուր աջակցել Ադրբեջանին: Այս պատերազմի, ինչպես նաև Անդրկովկասի ապակայունացման պատճառներից մեկը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտումն է, երրորդ ուժերի միջամտությունը: Տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանվել է Մոսկվայի և Թեհրանի ջանքերով: Եթե ​​զուգահեռներ անցկացնենք Մերձավոր Արևելքի հետ, ապա Իրանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության արդյունքում սիրիական հակամարտությունում ուժերի հավասարակշռությունը փոխվել է՝ հօգուտ Դամասկոսի, Մոսկվայի և Թեհրանի: Ռուսաստանն Իրանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է հաշվի առնի հետևյալ գործոնը, որը պահանջում է պատասխանել հարցին, թե այս երկու երկրներից որի՞ հետ է Մոսկվան ավելի շատ հակասություններ ունենում: Ընդհանրապես, անհրաժեշտ է նաև պատասխանել այն հարցին, թե ի՞նչն է ավելի նախընտրելի Ռուսաստանի համար, և տարածաշրջանային գործընթացներում պետք է դառնա առաջնահերթություն. Իրանի հետ ռազմավարական գործընկերությո՞ւնը, որի հետ համագործակցությունը այսքան երկար ժամանակ նպաստում էր խաղաղությանն ու անվտանգությանը տարածաշրջանում, թե համագործակցությունը Թուրքիայի հետ: Ինչպե՞ս կարելի է անտեսել Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդրի լուծման հարցում, երբ Թեհրանը լավ հարաբերություններ ունի երկու հակամարտող կողմերի հետ և ունի ընդհանուր սահման: Ինչպե՞ս կարող է Թուրքիան նպաստել այս տարածաշրջանում անվտանգության մթնոլորտին, երբ նա պաշտպանում է հակամարտության միայն մի կողմին, ընդ որում՝ անընդհատ հակամարտության հրահրելով այդ կողմին: Մեր ռուս գործընկերները պետք է շատ ուշադիր լինեն և լրջորեն վերաբերվեն Թուրքիայի Անդրկովկաս ներխուժման փաստին և նրա ապակայունացնող քաղաքականությանը: Վրաստանում թուրքական կապիտալը գրեթե կուլ է տվել վրացական տնտեսությունը, որի արդյունքում Թուրքիայի ազդեցությունն այս հանրապետությունում արդեն հասցվել է անընդունելի մակարդակների: Պատերազմից հետո նույնը տեղի է ունենում Ադրբեջանի հետ: Թուրքիայի խոշոր կապիտալը ներխուժելու է Ադրբեջան, այնտեղի բոլոր ոլորտներում նրանք արդեն վերացնում են ռուսամետ գործիչներին, իսկ նրանց տեղը զբաղեցնում են թուրքամետ գործիչները: Եվ այն երկիրը, որտեղ Թուրքիան չի կարող ուղղակիորեն ներխուժել՝ Հայաստանը, Անկարան ամեն կերպ թուլացնում է և մեկուսացնում ամբողջ աշխարհից: Թուրքիան քայլ առ քայլ ընդլայնում և ուժեղացնում է իր ազդեցությունը ողջ Հարավային Կովկասում: Անդրկովկասում Թուրքիայի առաջխաղացումը հանգեցնում է տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության նվազմանը: Իրանն ու Ռուսաստանը ոչ մի դեպքում չպետք է թույլ տան դա: Եթե ​​մենք իսկապես մտահոգված ենք ներկայիս իրավիճակով և մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության երաշխավորներ ենք, ինչը բխում է առաջին հերթին մեր շահերից, ապա տևական խաղաղություն պահպանելու համար Անդրկովկասում ուժերի հավասարակշռություն պետք է վերականգնվի։ Եվ դա պետք է տեղի ունենա մեր երկրների՝ Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության արդյունքում: Մենք չենք կարողանա երկարաժամկետ խաղաղության հասնել, եթե հակամարտության մի կողմը լիովին պարտված զգա: Թուլացած Հայաստանի դեպքում անհնար է տարածաշրջանում երկարաժամկետ և երաշխավորված խաղաղություն պահպանել: Հայաստանի ուժեղացումը կվերականգնի տարածաշրջանում ուժերի քայքայված հավասարակշռությունը և, բնականաբար, կնպաստի Անդրկովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցության ուժեղացմանը»:

Թե, որքանով է իրատեսական նման կանխատեսումը և որքանով պարոն Պ. Հոսեյնիի հայտարարությունները համապատասխանում են Իրանի բարձրագույն հոգևոր և պետական ​​ղեկավարության պաշտոնական դիրքորոշմանը, ամենայն հավանականությամբ, եզրակացնելու ենք ամբողջ 2021 թվականի ընթացքում…

Սերգեյ Շաքարյանց