Ծեծկռտուք Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի Էրեբունի նստավայրում (տեսանյութ)

Այսօր տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի Էրեբունի նստավայրում:

Քաղաքացիական հագուստով անձը հարվածել է դատական կարգադրիչի գլխին ու հրել նրան: Միջադեպի տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաբան Տիգրան Սարգսյանը:

Դեպքի մանրամասների մասին փաստաբանը պատմել է 168.am-ին.

«Երբ որ մոտեցա դատարանի մուտքին (այնտեղ նիստի էի), տեսնեմ՝ քաղաքացիական հագուստով մեկը դատարանի մուտքի մոտ վիճում է,  ու մի քանի վայրկյան հետո սկսեց ուժգնությամբ հարվածել դատական կարգադրիչի գլխին,  հրել բարձր աստիճանների վրայից: Հետո դատարանից դուրս թափվեցին մյուս կարգադրիչները, մյուս աշխատակիցները, ու ընդհանուր քաշքշոց եղավ»:

Փաստաբանը նշում է՝ տեսանելի էր, որ քաղաքացիական հագուստով անձին ամրակցված է եղել հրազեն.

«Կարգադրիչների պատմածով՝ պարզվեց, որ ինքը ոստիկանության աշխատող է, ու մեքենան կայանել է այնտեղ, որտեղ ինքն է ուզում, կարգադրիչն իրեն դիտողություն է արել. դիտողությունով պայմանավորված՝ վեճ է եղել»: