ՀՀ ԶՈՒ վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր․ Ռոբերտ Քոչարյան

Պետք է գտնել ՌԴ-ի հետ ինտեգրման այնպիսի բանաձև, որը թույլ կտա կարճ ժամկետներում վերականգնել բանակի մարտունակությունը։

Փորձագետները Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման ծախսերը գնահատում են մոտ 3 մլրդ դոլար, ասել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մարտի 4-ին ռուսական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանի վրա ուժեղանում է։ Մենք, որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից, պարտվեցինք, Ադրբեջանը, որպես Թուրքիայի դաշնակից, հաղթեց։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է Ռուսաստանի հետ ինտեգրման այնպիսի բանաձև գտնենք, որը թույլ կտա արագ վերականգնել մեր ԶՈՒ-ն»,-ասել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը, թաքնվելով ռազմական գաղտնիքի հետևում, չի խոսում ոչ նյութական, ոչ էլ մարդկային կորուստների մասշտաբների մասին։ Սակայն վերականգնման համար, փորձագետների գնահատականներով, մոտ 3 մլրդ դոլար է անհրաժեշտ։

«Պետք է ԶՈՒ-ն վերականգնել որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ, իսկ դրա համար արդյունավետ կառավարում է պետք»,-նշել է Քոչարյանը։

Նա շեշտել է, որ հսկայական աշխատանք է սպասվում. պետք է ունենալ համախմբված հասարակություն, ինտելեկտուալ էլիտա, որն ունակ է գիտակցել սպառնալիքներն ու լուծումներ գտնել։