Եթե ինձ կալանավորեն, հազարավոր մարդիկ կան, որոնք կշարունակեն այդ պայքարը, քանի որ այս պայքարն իմ քմահաճույքը չէ. Վազգեն Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել էր ծանուցագիր, որից պարզ էր դարձել, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և որոշում է կայացվել է Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։

Այդ նպատակով Վազգեն Մանուկյանը կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննության՝ վերջինիս մեղադրանք առաջադրելու և որպես մեղադրյալ հարցաքննելու նպատակով։

Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե իրեն կալանավորեն, շարժումը կշարունակվի. դա ժողովրդի ցանկությունն է: «Մի բան հայտնի է, որ համաժողովրդական կոչ է՝ Փաշինյանը պետք է հեռանա: Ես  այս պահանջն իրականացնողներից մեկն եմ:  Ցանկացած վիճակում ես կշարունակեմ հետապնդել ժողովրդի ցանկությունը:

Եթե ինձ կալանավորեն, հազարավոր մարդիկ կան, ովքեր կշարունակեն այդ պայքարը, քանի որ այս պայքարն իմ քմահաճույքը չէ, իսկապես համաժողովրդական փրկության միակ ելքն է ազատվել այս վարչապետից, կառուցել նորից նոր դեմոկրատական, ազգային պետություն: Սա մեր ժողովրդի ցանկությունն է և ժողովուրդն իր ցանկությունը կկարի՝ անկախ նրանից՝ ես կալանավորված եմ, թե ոչ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

«Ես ինքս ոչ մի ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ: Չեմ ընդունում մեղադրանքը: Իմ հայտարարությունները Սահմանադրության խախտում չեն: Այս քրեական գործն իսկական քաղաքական հետապնդում է»,- ընդգծեց Վ. Մանուկյանը: