Հիմա էլ կորոնավիրուսի նիգերիական շտամ, որի դեմ պատվաստանյութերը կարող են արդյունավետ չլինել

Մինչ Հայաստանն իր ներքին հոգսերով, խնդիրներով, տագնապներով ու լարումներով էր, իտալացի փորձագետները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա, որը կարող է դիմացկուն լինել առկա պատվաստանյութերին:

Իտալիայի վիրուսաբանների ընկերության նախագահ, միկրոկենսաբանական լաբորատորիայի տնօրեն Առնալդո Կարուզոն հայտարարել է Իտալիայի հյուսիսում կորոնավիրուսի «նիգերիական» շտամ հայտնաբերելու մասին: Նա ասել է, որ պատվաստանյութերը կարող են արդյունավետ չլինել նոր շտամի դեմ:

«Առաջին անգամ Իտալիայում մենք առանձնացրել ենք մուտացիայով նշանավորված շտամ, որը մեզ անհանգստացնում է, քանի որ դրանք կարող են դիմացկուն լինել այսօր առկա պատվաստանյութերին», – ասել պարոն Կարուզոն (մեջբերումը` ANSA- ի):

ANSA գործակալության տեղեկացմամբ, Բրեշիա քաղաքում, որտեղ հայտնաբերվել է նոր շտամը, առկա է կորոնավիրուսի սպառնալիքի «նարնջագույն» մակարդակ:

Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է գրեթե 3 միլիոնի, ավելի քան 98 հազար մարդ մահացել COVID-19-ից: Երկրում հիվանդների կեսից ավելին վարակված են կորոնավիրուսի «բրիտանական» շտամով, որը համարվում է ավելի վարակիչ:

Նոր կորոնավիրուսի (SARS-CoV-2) մեկ այլ ու դարձյալ նոր շտամ է հայտնաբերվել Շվեդիայում: SARS-CoV-2-ի նոր մուտացիան Շվեդիայում բժիշկները հայտնաբերել են մի նորածնի մոտ, որի մոր մոտ ախտորոշվել է COVID-19: Այս մասին մարտի 2-ին գրել է «The Conversation»-ը:

Հղի մի կին ընդունվել է Մալմյոյի հիվանդանոց որովայնի ուժեղ ցավերով: Միևնույն ժամանակ, երեխան թթվածնի անբավարարության պատճառով ունեցել է սրտի աննորմալ ցածր բաբախում: Կինը կեսարյան հատման է ենթարկվել: Քանի որ կնոջ մոտ հիվանդանոց ընդունվելուց մեկ օր առաջ սկսված են եղել չոր հազ ու ջերմություն, համապատասխան թեստավորում է կատարվել: Ինչպես մոր, այնպես էլ երեխայի մոտ SARS-CoV-2-ով վարակվածության հանգամանքը պարզելուն նպատակաուղղված հետազոտության արդյունքները դրական են եղել:

Ճիշտ է, բժիշկներն անմիջապես չեն ստուգել նորածնի մոտ կորոնավիրուսի առկայությունը, քանի որ նա շփում չի ունեցել մոր հետ (ծնվելուց անմիջապես հետո հեռացվել է), բայց դա արել են, ինչպես պահանջում է կանոնները, երկու օր անց: Վերլուծության արդյունքը դրական է եղել, և բացառելուց հետո այն վարկածը, որ երեխային կարող էր վարակել բժշկական անձնակազմից ինչ-որ մեկը, բժիշկները եզրակացրել են, որ երեխան վարակվել է դեռ արգանդում:

Վիրուսի գենոմի վերլուծությունը ցույց է տվել, որ երեխան վարակվել է մոր արգանդում, մինչ ծնունդը: Սկզբնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոր և երեխայի վիրուսները նույնական են, բայց նոր վերլուծության արդյունքում նորածնի մոտ հայտնաբերել է նոր մուտացիա:

«Սա կորոնավիրուսի գենետիկ փոփոխությունների առաջին դեպքն է` մորից պտղին մինչև ծնունդն առանձնահատուկ պայմաններում փոխանցման»,- ասել է Լունդի համալսարանական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Մեխրեն Զայգամը և հավելել, որ A107G անունով նոր շտամը հայտնաբերվել է երեխայի ծնվելուց ընդամենը հինգ օր անց:

Զայգամը հնարավոր է համարել, որ մուտացիայի առաջացումը տեղի է ունեցել մոր արգանդից հանվելուց հետո արտաքին միջավայրի հետ նորածնի շփման արդյունքում: Պարզվել է, որ մորից ստացված վիրուսի հետ մեկտեղ, երեխան ունեցել է նոր մուտացիա, որին տրվել է A107G անվանումը: Բացի այդ, մասնագետը նշել է, որ կորոնավիրուսը վնասել է մոր ընկերքը, այն բորբոքված է եղել:

Միևնույն ժամանակ պարզվել է, որ մուտացիան նոր-նոր է սկսել արտահայտվել. առաջին վերլուծությունից ստացված վիրուսի մասնիկների գրեթե մեկ երրորդը դեռ ունեցել է մայրական գենոմը:

Բժիշկները վերոնշյալ դեպքը համարում են կորոնավիրուսի գենետիկ մուտացիայի առաջին հայտնի դեպքը, որը տեղի է ունեցել մինչև ծնվելը և երեխայի կյանքի առաջին հինգ օրվա ընթացքում ենթարկվել գենետիկ փոփոխությունների: Հետազոտողների կարծիքով, դա կարող էր տեղի ունենալ երեխայի օրգանիզմի վրա մոր արգանդից տարբերվող արտաքին միջավայրի ազդեցության արդյունքում:

 

Արթուր Հովհաննիսյան