Եթե ԳՇ-ն ունի արժանահավատ տեղեկություն, որ Փաշինյանը պատերազմի օրերին կաշկանդել է բանակի գործունեությունը, իրավասու է ձերբակալել հինգերորդ էշելոնի գերագույն հանձնակատարին. Տիգրան Սարուխանյան

Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Համբուրգի համալսարանի այցելու գիտաշխատող, ցեղասպանագետ Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբն ունի արժանահավատ տեղեկություն այն մասին, որ ՀՀ վարչապետը պատերազմի օրերին կաշկանդել է բանակի գործունեությունը և նպաստել բանակի պարտությանը, ապա իրավասու է հենց այս պահին խախտելով ՀՀ Սահմանադրությունը, բայց առաջնորդվելով ՀՀ պետական շահերի և տարածքային ամբողջության պահպանման հրամայականով, ձերբակալել հինգերորդ էշելոնի գերագույն հանձնակատարին։

Իսկ եթե Գլխավոր շտաբը նման փաստեր չունի, ապա պետք է ընդունի Գլխավոր շտաբի պետի հրաժարականի մասին դիմումը և հաշտվի այն մտքի հետ, որ ՀՀ Զինված ուժերն անձամբ են կրում պատերազմում հայ ժողովրդի պարտության պատասխանատվությունը։ Սա է երկրում կարգ ու կանոն հաստատելու միակ ճանապարհը։ Խաղաղությունն ու վերքերը բուժելու հրամայականը պարտադրում է գործել արագ՝ առանց ժողովրդին ու երկիրը տանելու նոր ցնցումների։

Իսկ թե ինչ պետք է մտածեն այդ մասին արևմտյան ժողովրդավարությունները, այս առումով որևէ արժեք չունի։ Անհերքելի փաստ է՝ Եվրոպայում ժողովրդավարական պետաիրավական համակարգը հաստատվել է ոչ թե հեղափոխությունների միջոցով, այլ ռազմական գործիչների ջանքերով։ Այդ ժողովրդավարությունների սիմվոլներն են՝ Օլիվեր Կրոմվելը՝ Մեծ Բրիտանիայում և գեներալ Նապոլեոն Բոնապարտը՝ Ֆրանսիայում։

Ընթերցողի համար կարող է ծիծաղելի թվալ, բայց անվիճելի է, որ գեներալ Նապոլեոնը Ֆրանսիական և արևմտյան ժողովրդավարությունների համար արեց ավելին, քան Ռոբեսպիերն ու Դանթոն, Մարատն ու Սեն Ժյուստին։ Միայն Նապոլեոնին հաջողվեց 1799թ․ գրավել իշխանությունը Ֆրանսիայում, որն այնքան էր հյուծվել հեղափոխությունից ու դրան հաջորդող փոքր ու միջին հակահեղափոխություններից, որ գրեթե արնաքամ էր արել ֆրանսիացի ժողովրդին։ Գիլյոտինը դարձել էր քաղաքական կուլտուրայի անքակտելի մասը։

Զավթելով իշխանությունը՝ Նապոլեոնն անմիջապես ձեռնամուխ եղավ այնպիսի դիկտատորական, բայց լայնածավալ իրավական բարեփոխումների իրականացմանը, որը պատմության մեջ աննախընթաց էր։ Հաստատելով իրականում դիկտատորական պետաիրավական համակարգ, նա այնքան հանճարեղ կերպով շարադրել տվեց Ֆրանսիայի Հանրապետության Սահմանադրությունը, որ երկիրն առաջնորդեցին դեպի ժողովրդավարություն։ Անհավատալի փաստ է, որ Նապոլեոնի Սահմանադրությունը մինչ օրս միայն չնչին փոփոխությունների է ենթարկվել:  Այն այնպիսի հանճարեղ կերպով էր շարադրվել, որ երաշխավորում էր ֆրանսիացի ժողովրդի հիմնարար իրավունքները, ամբողջությամբ արդիականացնում պետաիրավական համակարգը, իրականում՝ իշխանությունը նվիրելով ժողովրդին։

Այդ է պատճառը, որ ֆրանսիացի ժողովուրդը ներեց իր փոքրամարմին, բայց հանճարեղ գեներալի բոլոր մեղքերը, նրա թուլություններն ու ամբիցիաները։

Եթե Ֆրանսիական հեղափոխությունը սկսեցին լուսավորիչներն ու հեղափոխականները, ապա այն ավարտի հասցրեց ռազմական մեծ գործիչը։

Հայ ժողովրդին պատմությունը զրկեց ազգային ու ռազմական նմանօրինակ գործչից, որը կարող էր դառնալ նրա փրկիչն ու զարգացման հանգրվանը և երաշխավորը։

Համոզված եմ՝ դա ժողովրդից չէ, որ այդպես է, այլ նրա կանխորոշված ու պարտադրված ճակատագրից։ Հավատում եմ, որ փոքր ժողովուրդներին պատմությունը կպարգևի Օլիվեր Կրոմվել և Նապոլեոն Բոնապարտ։

Մի խոսքով, արևմտյան ժողովրդավարությունը հիմնված է Կրոմվելի ու Բոնապարտի թողած ժառանգության վրա և պարտական է ռազմական այդ գործիչներին հաղթանակի համար»: