Ես հաշվետու չեմ ԱԺ-ին. ԲԴԽ նախագահը՝ իմքայլականին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շարունակում են համառորեն պնդել, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը՝ «վնգստացող դատավոր» լինել-չլինելու վերաբերյալ քաղաքական է։

Իմայլական Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում, դիմելով ԲԴԽ նախագահին, ասաց, որ ինքն ու իր գործընկերները հիմնավոր պատճառներ ունեն ասելու, որ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը քաղաքական էր։

Ի պատասխան՝ ԲԴԽ նախագահն ասաց, որ երեկ ինքը ևս մեկ անգամ ուսումնասիրել է դատական օրենսգիրքն ու ԱԺ կանոնակարգը։

«Տեղեկացնում եմ ձեզ, որ ԲԴԽ նախագահը, ԲԴԽ-ն և դատական համակարգը հաշվետու չեն ԱԺ-ին։ Եվ հետևաբար ես պարտավորություն չունեմ պատասխանելու քաղաքական բնույթի հարցերին։ Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես ներկայացել եմ ԱԺ։ Խնդրում եմ չշփոթել, թե սա գլխավոր դատախազի և ՄԻՊ տարեկան զեկույց է։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք ինձ այստեղ տալիս եք 3 տարվա ընթացքում ծառացած բոլոր այն հարցերը, որոնք ցանկանում եք ուղղել դատական իշխանությանը»,- նկատեց նա։

ԲԴԽ նախագահը, այնուամենայնիվ, տեղեկացրեց, որ իրենք միշտ պատրաստ են բաց քննարկման, և ցանկացած պատգամավոր, որ ունի հարցեր դատական իշխանության վերաբերյալ, կարող է գնալ ԲԴԽ՝ ցանկացած հարց քննարկելու։

«Իսկ այսօր ես իմ գործունեությանը վերաբերող հարցերին չեմ պատասխանելու, երեկ փորձեցի համբերատար պատասխանել, այսօր չեմ պատասխանի»,- նշեց նա։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ կոչ արեց, որ ԲԴԽ նախագահը ԱԺ պատգամավորների հարց տալու իրավունքը չսահմանափակի։

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր հաստիքները զբաղեցնելու համար ներկայացված 2 թեկնածուների ընտրության հարցը։