Նիկոլը զգուշանալով ռուսական արջի թաթալոշն անձնապես ստանալուց, փորձել է իր բլթցրած սուտն արդարացնել մեկ այլ ստով

Ռուսաստանը դեռ համբերում է ու թողել է, որ դավաճանի հարցերը Հայաստանն ինքը լուծի

 

Նիկոլը բարոյական օրենքներից կատարյալ զուրկ մեկը չէ, բայց բավական մոտ է ԲՕԶ-ի կարգավիճակն ունենալուն: ՀՀ գերագույն գլխավոր ստախոսը, ինչպես արդեն լսել են այս հոդվածն ընթերցողներից հավանաբար շատերը, փետրվարի 23-ին 1in.am-ի հետ զրույցում նկատի ունենալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Հայաստանի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, ասաց.

«Իսկ գուցե պատասխանե՞ն՝  իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով»:

Այսպիսով Նիկոլը լկտիաբար ստեց, թե «Իսկանդեր»-ի հրթիռը պայթել է խիստ մասամբ, որը գրեթե նույնն է, ինչ չպայթելը: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նպատակը ռուսական լավագույն զենքերից մեկը վարկաբեկելով, նոր հարված հասցնելն էր հայ-ռուսական միջպետական դաշնակցային հարաբերություններին, մեր ազգային անվտանգությանը և ռազմավարական շահերին, ինչին անդրադարձել ենք մեր համապատասխան հրապարակմամբ : Սակայն Նիկոլը շատ արագ բռնվեց ստի մեջ ու խայտառակվեց, նրա սուտը համոզիչ կերպով մերկացվեց, քանի որ որևէ հրթիռի մարտագլխիկ, այդ թվում նաև` «Իսկանդեր»-ի, պայթելու դեպքում չի կարող պայթել, օրինակ, 10 տոկոսով, այսինքն` մասամբ:

«Իսկանդեր»-ի առնչությամբ Նիկոլի երկրորդ ստի բացահայտումը կատարվեց Մոսկվայից: Եթե 1-ին սուտն «Իսկանդեր»-ի չպայթելը կամ, օրինակ, 10 տոկոսով պայթելն է, ապա 2-րդ սուտն ընդհանրապես «Իսկանդեր»-ի օգտագործումն է 2020թ. պատերազմի ընթացքում: Փետրվարի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարության Տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը լրագրողներին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ «Իսկանդեր» հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել:

«Առկա օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության համաձայն, որը հաստատվել է նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգի կողմից, այդ տիպի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ»,- նշեց ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը և ընդգծեց, որ հրթիռների ողջ ռազմապաշարը գտնվում է ՀՀ զինված ուժերի պահեստներում։

Մոսկվայից դեռ միայն տեղեկատվական, բարոյական ու քաղաքական առումներով վերոնշյալ շառաչուն ապտակը ստանալով ու գիտակցելով, որ ստի մեջ բռնվել է անառարկելի կերպով ու խայտառակվել մի այլ կարգի (նաև` միջազգային ասպարեզում), հասկանալով, որ դրանից հետո իրեն աշխարհի ցանկացած պետության ղեկավար, նույնիսկ իր «ժող. ջան»-ը կվերաբերվի որպես ծայրահեղ անլուրջ անձնավորության, ավելին`զգուշանալով այլ առումով ռուսական արջի թաթալոշն անձնապես ստանալուց, ՀՀ գերագույն գլխավոր ստախոսը փորձել է իր բլթցրած սուտն արդարացնել մեկ այլ ստով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել է, որ «ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը»:

Իրականում թե ինչ է ասել Նիկոլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և Պուտինը` Նիկոլին, մենք չգիտենք ու դժվար թե իմանանք: Այնուամենայնիվ, ըստ Մանե Գևորգյանի, «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»:

Նիկոլը ստել է, և, կարծում եմ, Պուտինը հրաշալի հասկանում է դա: Եթե Նիկոլը սա է ասել ՌԴ նախագահին, իր վերոնշյալ եզրակացությունն է հայտնել նրան, ապա, ըստ էության, խոստովանել է, որ ինքը «չմոյի» մեկն է, որին այդպիսի զեկույց ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյան Արցախում պատերազմի և ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում, այն էլ այդքան մեծ կարևորություն ունեցող հարցում կեղծ, նույնիսկ կոպտագույն կեղծիքներ պարունակող զեկույց է ներկայացրել: Այո՛, հենց կոպտագույն կեղծիքներ պարունակող զեկույց, և ոչ թե` «այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել», դրանց միջև տարբերությունն էական է, շա՜տ մեծ…

Լոկ խեղկատակը կամ հասարակությանը խեղկատակի տեղ դրածը կարող էր վերոնշյալ եզրակացությանը հանգել: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը միայն խայտառակ սկանդալից հետո՞ պետք է առկա փաստերի և տվյալների համադրում կատարեր… Նա դա պարտավոր էր անել մինչև 1in.am-ին հարցազրույց տալը, չէ՞ որ Աննայի հետ մասնավոր զրույցի չէր գնում, այդպիսի զրույց չէր դա:

Իրականում Նիկոլը դիմել է իր սիրած «կռուտիտի» հնարքին և, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, դարձյալ փորձել է ստել ու խորամանկել, քանի որ եթե որևէ մեկը նրան «Իսկանդեր»-ի առնչությամբ կեղծ զեկույց ներկայացրած լիներ, նա արդեն հրապարակած կլիներ այդ պաշտոնյայի անուն ազգանունը, և ոչ միայն հրապարակած (զրպարտել, սուտ մատնությամբ հանդես գալ կարող է), այլև ապացուցած նրա կողմից կեղծ զեկույցի ներկայացումը ու պատժած տվյալ պաշտոնյային, ինչը պարտավոր էր անել:

ՀՀ վարչապետի պաշտոնը դեռ զբաղեցնողին մինչև 1in.am-ին հարցազրույցը իրականում շատ լավ հայտնի էր, որ Հայաստանը կամ Արցախը, Հայաստանից կամ Արցախից «Իսկանդեր»-ի գոնե մեկ հրթիռ չի արձակվել ադրբեջանական որևէ թիրախի ուղղությամբ: Ըստ ռուսաստանցի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովի հրապարակած տեղեկատվության, որում հղում է կատարված ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի վրա, Փաշինյանը հենց ինքն է Օնիկ Գասպարյանին արգելել «Իսկանդեր»-ի կիրառումը թշնամու ռազմավարական նշանակության թիրախներին հարվածելու համար:

ՀՀ գերագույն գլխավոր դավաճանին, ստախոսին, ինտրիգանին, մուտիլովչիկին, ՀՀ ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիք հանդիսացող ազգադավին ժամ առաջ, վայրկյան առաջ մեկուսացնելու, առնվազն մեկուսացնելու հրամայականը մնում է օրակարգում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը դրա համար դեռ ժամանակ ունեն…

 

Արթուր Հովհաննիսյան