Ադրբեջանցիները ժամանակավորապես օգտվում են Կարմիր շուկայով անցնող ճանապարհից. ԱՀ նախագահի խոսնակ

Ադրբեջանական կողմը կարող է ցանկությունների, առաջարկություների, պահանջների մի ամբողջ ցանկ հրապարակել հայկական տեղեկատվական դաշտը փոթորկելու համար: Կարմիր շուկայով անցնող ճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից օգտագործումը գերիների վերադարձի հետ կապելը այդ շարքից է:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկություններին, թե իբր ադրբեջանցիները Կարմիր շուկայի հատվածում պահանջում են համատեղ օգտագործման ճանապարհ՝ փոխարենը խոստանալով 30 ռազմագերու վերադարձ, որին իբր համաձայնել են ԱՀ և ՀՀ իշխանությունները:

«Թեման հերթական անգամ է շրջանառության մեջ դրվում ու հերթական անգամ ստիպված եմ ասել, որ ապատեղեկատվություն է, որը տարածողները շատ լավ գիտեն, որ այսօր էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիները ժամանակավորապես օգտվում են այդ ճանապարհից: Սակայն դա որևէ կերպ չի կարող նշանակել «համատեղ օգտագործում», քանի որ այդ ճանապարհը ամբողջությամբ պատկանում է Արցախի Հանրապետությանը, և դրա կարգավիճակի փոփոխության հարց պարզապես չի կարող քննարկվել»,- ասել է Լ. Ավանեսյանը: ԱՀ նախագահի խոսնակը խոսել է նաև Ամարաս այցելող ուխտավորներին ռուս խաղաղապահների կողմից ուղեկցելու լուրի մասին, նշելով, որ Ամարասի անվտանգությունը ապահովում է Պաշտպանության բանակը, և վանքը միշտ բաց է բոլոր ուխտավորների համար: «Թեև Ամարասի վանք ուխտավորները կարող են այցելել առանց ուղեկցության, որովհետև այն գտնվում է մեր վերահսկողության ներքո, սակայն առաջնագծին մոտ գտնվելու պատճառով երբեմն ուխտավորների հատկապես մեծ խմբերը նախընտրում են ստանալ լրացուցիչ անվտանգային երաշխիքներ»,- ընդգծել է Ավանեսյանը: