Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասը. Գոհար Մելոյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, անդրադառնալով հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը, գրում է.

«Ինչպեսև ենթադրելի էր՝ Արմեն Սարգսյանը հերթական անգամ գործարքի գնաց իշխող ուժի հետ:

Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը՝ արձանագրելով, որ Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը հակասում է Սահմանադրությանը, թույլ տվեց, որ այն մտնի ուժի մեջ։

Արդյունքում՝ Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Արմեն Սարգսյանն և իր ներկայացուցիչները պարբերաբար դժգոհում էին, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները բավարար չեն, որպեսզի ինքն իր «լայն գիտելիքները և կապերը» ներդնի Հայաստանում։

Սակայն ամեն անգամ, երբ Արմեն Սարգսյանը պետք է կարևոր նշանակություն ունեցող հարցով իրականացնի իր անկյունաքարային սահմանադրական լիազորությունը՝ հետեւի Սահմանադրության պահպանմանը, ականատես ենք լինում մի այնպիսի հանգուցալուծման, որ համոզվում ենք, որ ավելի է լավ է Արմեն Սարգսյանն անգամ թուղթ ստորագելու լիազորություն չունենա…

Թե չէ սահմանադրական փոփոխություն, կիսանախագահական կառավարման մոդել…»։