Ի՜նչ պատիվ, ի՜նչ արժանապատվություն, ի՜նչ հայրենիք

Քաղաքական գործիչ չեմ, նկատի ունեմ, կուսակցական՝ ով ձգտում է իշխանության։ Ընդունված է, որ կուսակցական, իշխանության ձգտող, կամ արդեն իշխանության հասած անձինք, հաճոյանում, «սիրում» են ժողովրդին (ես ձեր ցավը տանեմ, մեր հիանալի ժողովուրդը, ժողովրդի մատից փուշ հանենք և այլ «զեղումներ»), առաջինները իշխանության հասնելու, երկրորդներն՝ այն պահելու համար։ Քանի որ, ինչպես նշեցի ինքս երբեք չեմ ձգտել և այսօր էլ չեմ մտածում իշխանության մասին, միշտ փորձել եմ անկեղծ խոսել, այդ թվում այն ազգի որակների վերաբերյալ, որի ներկայացուցիչն եմ։ Ինքս ինձ չեմ առանձնացնում մեր ժողովրդից և այն, ինչի մասին ստորև կգրեմ, վերաբերում է մեզ բոլորիս։

Երբեք հիացած չեմ եղել մեր ժողովրդով։ Համարել եմ, որ մենք ունենք բազմաթիվ արատավոր բարքեր՝ օտարամոլությունից սկսած, հարմարվողականությամբ շարունակած, նյութապաշտությունով վերջացրած։ Էլ չեմ խոսում մեր մեջ նստած նախանձի և չարության մասին։ Այդ են վկայում դեռևս ԽՍՀՄ-ում մեր քաղաքների, փողոցների անվանումները, օտար և սարքովի անուններն ու ազգանունները։ Այսպես կոչված «տուն պահելու փիլիսոփայությամբ» «փափախ» անելը, անկախ «մասնագիտության ընտրությունից», երազել ԲԽՍՍ-ում կամ ԿԳԲ-ում աշխատելը։ Վերջապես արտագաղթը՝ «որտեղ հաց՝ էնտեղ կաց»։

Նույն ձևով հարմարվել ցանկացած միջավայրի, պե՞տք է կումկուս կընդունվեմ, հետո ՀՀՇ, ՀՀԿ, ՔՊ և «կընտրեմ այն ուժին, որը կհաղթի»։

Այս ամենի մասին կարելի է հատորներ գրել։

Սակայն, այն ինչ կատարվեց 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո և շարունակվում է մինչ այսօր, վեր էր նույնիսկ մեր ժողովրդի մասին իմ հոռետեսական պատկերացումներից։

Այս աստիճան անինքնասեր, արժանապատվությունից զուրկ ազգ, ինչպիսին մենք ենք, նույնիսկ մղձավանջային երազում չէի պատկերացնի։

Այս եզրակացության եկա, հատկապես այսօր՝ մարտի 1-ին, երբ մեզ բոլորիս նվաստացրած ողորմելի, կիսագրագետ, ճղճղանի հրավիրած հանրահավաքում հավաքվել էին հազարավոր իմ հայրենակիցներ։ Որքան էլ ասեք, փաստեր բերեք, որ դրանց բոլորին ստիպել են, ահաբեկել, վճարել ներկայանալու համար, միևնույնն է՝ չեմ ընդունում և հասկանում։ Նաև պատկերացնում եմ, եթե դրանցից որևէ մեկին հարցնես, թե ինչո՞ւ էր մասնակցում պարտության հավաքին, դեմքի բութ արտահայտությամբ կղժժա․ «Բա ի՞նչ անեմ, խի էրեխուս դո՞ւ ես պահելու»։ Ի՜նչ պատիվ, ի՜նչ արժանապատվություն, ի՜նչ հայրենիք։

․․․Ամեն դեպքում հուսանք, որ դրանք մեծամասնություն չեն։ Բայց, արդյո՞ք․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից