Արցախում չորս ջոկատով վերսկսել են որոնողական աշխատանքները. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսել են 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

«Ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում այսօր թույլտվություն ստացանք փրկարար-որոնողական աշխատանքներ կատարել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում և ջոկատներն արդեն անցել են աշխատանքի»,- ասել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանն այդ տարածքներում  աշխատանքներ էր կատարում, դրա համար չէր թողում որոնողական աշխատանքներ իրականացնել:

Փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով:

Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների արդյունքում հայտնաբերվել են 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ: