Հայաստանի տնտեսությունը կհայտնվի բավական ծանր դեպրեսիոն փուլում․ տնտեսագետ

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը գրել է. «Չնայած կառավարության լավատեսական սպասումների՝ 2021 թվականը մեկնարկել ենք մակրոտնտեսական ցուցանիշների էական անկմամբ։ Ընդ որում, 2021 թ. հունվար ամսվա ցուցանիշների դինամիկան գրեթե պահպանել է նախորդ տարվա բացասական տրենդը։

Նշեմ, որ 2020 թվականի 4-րդ եռամսյակում տնտեսական անկումը կազմել է -8.8%, իսկ տարեկան կտրվածքով՝ -7.6%:

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2021թ. հունվարին (2021թ. փետրվարի 25-ի դրությամբ)։ Ըստ վերջինիս ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների զգալի մասի գծով անկում է արձանագրվել։ Այսպես`տնտեսության ակտիվության ցուցանիշը նվազել է 7․5%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը 10․8%-ով, առևտրի շրջանառությունը կրճատվել է 15․1%-ով, ծառայությունների ծավալը՝ 10․3%֊ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 16․8%-ով, արտահանումը՝ 11․3%-ով, ներմուծումը՝ 20%-ով։ Միջին ամսեկան աշխատավարձը կրճատվել է 3․8%-ով, ընդ որում՝ մասնավոր հատվածում՝ 5․4%-ով, իսկ պետականում՝ 0․1%-ով։ Նույն ժամանակահատվածի համեմատ շինարաության ծավալն աճել է 0․8%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2.2%-ով։

Եթե համեմատենք 2020 թվականի դեկտեմբեր ամսվա ցուցանիշների հետ, ապա անկումն էլ ավելի շոշափելի է։ Այսպես, տնտեսության ակտիվության ցուցանիշը նվազել է 47%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը 42․9%-ով, շինարարության ծավալը կրճատվել է 86․3%-ով, առևտրի շրջանառությունը կրճատվել է 46․7%-ով, ծառայությունների ծավալը՝ 19․8%֊ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 46%-ով, արտահանումը՝ 39․5%-ով, ներմուծումը՝ 49․4%-ով։ Միջին ամսական աշխատավարձը նվազել է 19․5%-ով, ընդ որում՝ մասնավոր հատվածում՝ 15%-ով, պետական հատվածում 29․1%-ով։ 2020 թ․ դեկտեմբեր ամսվա համեմատ աճ է արձանագրվել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 1․3%-ով։ Չնայած Հայաստանում տնտեսական ակտիվությամբ տարվա առաջին կիսամյակը մշտապես զիջել է երկրորդ կիսամյակին, սակայն վիճակն այնուամենայնիվ հուսադրող չէ։

Անդրադառնալով ՊԵԿ կողմից հրապարակված 2021 թ․ հունվար ամսվա ընթացքում հավաքագրված հարկային եկամուտների ցուցանիշին և այն համադրելով 2020 թվականի հունվար ամսվա հետ՝ արձանագրում ենք հետևյալ պատկերը՝ 2021 թվականին ՊԵԿ կողմից հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 111․48 մլրդ դրամ՝ 2020 թվականի հունվարին հավաքագրված 135․3 մլրդ դրամի դիմաց։ Փաստացի կրճատումը կազմել է շուրջ 24 մլրդ դրամ։ Եթե համեմատենք 2020 թվականի դեկտեմբեր ամսվա հետ, ապա 2021թ․ հունվարին պետական եկամուտների նվազումը կազմում է շուրջ 44 մլրդ դրամ։

Անդրադառնալով ուղղակի ներդրումներին, պետք է նշել, որ 2020 թ. հունվար-սեպտեմբերի ընթացքում 112,4 մլն դոլարի ներդրում է արվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվը նվազել է 73,2 մլն դոլարով: Նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումների գծով զուտ ակտիվները նվազել են 31,8 մլն դոլարով։

Ակնհայտորեն, մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկայի գծով տեսնում ենք բավական տխուր պատկեր, իսկ եթե սրան գումարենք նաև պետական պարտքի կտրուկ աճը՝ ընդհուպ մինչև 8.85 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 70% և գնաճային բարձր միջավայրը, ապա դրությունն իսկապես մտահոգիչ է: Միանգամայն իրատեսական եմ համարում միջազգային փորձագիտական գնահատականն առ այն, որ Հայաստանում տնտեսական անկումը 2021թ-ին 12-ամսյա ժամանակահատվածի կտրվածքով կարող է պահպանվել մինչև -4.9%֊ի սահմանում, եթե տնտեսական հիմնարարների գծով առաջիկա ամիսներին դրական տեղաշարժ չնկատվի։

Այսպիսով, եթե իշխանությունները չփոխեն իրենց մոտեցումները տնտեսության վերականգնման շուրջ և կշռադատված քայլեր չիրականացնեն առաջիկա կարճ ժամանակում, ապա Հայաստանի տնտեսությունը կհայտնվի բավական ծանր դեպրեսիոն փուլում, որից դուրս գալու համար էապես ավելի մեծ ռեսուրսներ և ժամանակ կպահանջվի»։