Արցախի հարցով ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի փոխվարչապետների չորրորդ հանդիպումը կանցկացվի այսօր՝ տեսակապով

Փոխվարչապետերի մակարդակով Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) աշխատանքային խմբի նոր հանդիպումը կանցկացվի այսօր՝ մարտի 1-ին, տեսակապի ֆորմատով: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ աշխատանքային խմբի երրորդ հանդիպման արդյունքներից հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 27-ին։

«Կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումն անցկացնել տեսակապի միջոցով՝ 2021 թվականի մարտի 1-ին», – ասել է նա:

Երրորդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև տրանսպորտային և տնտեսական հարաբերությունների ոլորտում համաձայնագրերի կատարման ընթացքը:

Ասվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնք բխում են Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերից։

«Կողմերը դիտարկել են փորձագիտական խմբերի հաշվետվությունները երկաթուղային, ավտոմոբիլային և կոմբինացված փոխադրումների հարցերով, ինչպես նաև դրանց  անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և վերահսկողության այլ տեսակներ»,-ասել է Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետի խոսքով, հանդիպման ընթացքում կողմերի իրավասու մարմիններին առաջարկվել է կատարել գույքագրում ԱՊՀ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերի՝ վերոհիշյալ փոխադրման իրականացման վերաբերյալ: