Միջազգային հանրությանը կոչ ենք անում պարտադրել Ադրբեջանին հրաժարվել հանցավոր քաղաքականությունից․ Արցախի ԱԳՆ

Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի, նշում է Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը Սումգայիթում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում:

«Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում բազմահազարանոց քաղաքը երեք օր շարունակ տրվեց զինված ջարդարարներին, որոնք անպատիժ և հատուկ դաժանությամբ սպանում էին ազգությամբ հայ քաղաքացիներին:

Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի, որոնք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում իրագործվում էին հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում», – շեշտում է Արտգործնախարարությունը:

Ըստ ԱՀ ԱԳՆ-ի` անպատժելիությունը և միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը հանգեցնում էին ագրեսիայի ուժեղացմանը և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործությունների ծավալների ընդլայնմանը:

«Ադբեջանի իշխանությունների կողմից իրենց հասարակությունում ձևավորվող մարդատյաց մթնոլորտը ստեղծել է մի իրավիճակ, որում ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ծաղրելը, տանջելը և սպանելը Ադրբեջանում ընկալվում են որպես նորմալ և ընդօրինակման արժանի արարք», – նկատում է ԱԳՆ-ն` հավելելով, որ արցախյան պատերազմում անազատության մեջ հայտնված ռազմագերիներին և պատանդ պահվող քաղաքացիական անձանց վերադարձնելուց Ադրբեջանի հրաժարումը անպատժելիության և ամենաթողության հարուցած հանցավոր քաղաքականության վառ օրինակ է:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել հանցավոր քաղաքականությունից և նախապայմաններ ստեղծել տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար: