Նիկոլ Փաշինյանը անասնապահությամբ զբաղվող երիտասարդին պաշտոնի է նշանակել. Hraparak.am

Իր սեռը «արու» ներկայացրած  Դավիթ Սարգսյանին Դիլիջան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու Նիկոլ Փաշինյանի սկանդալային որոշման աղմուկը դեռ չի մարել, նոր աղմկահարույց  նշանակման մասին է մեզ հայտնի դարձել, այս անգամ՝ Լոռու մարզի համայնքներից մեկում: Այս մասին գրում է «Հրապարակը»:

«Երեկ՝ փետրվարի 26-ին Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մխիթարյան անուն ազգանունով մի երիտասարդի է  նշանակել  խոշորացված  Թումանյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Թումանյան համայնքը ներառում է Թումանյան քաղաքը, Ահնիձոր, Շամուտ, Աթան, Լորուտ, Մարց, Քարինջ գյուղերը, 2020թ․ մարտին հնարավոր են նոր միավորումներ եւս:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Տիգրան Մխիթարյանը եւս կիսագրագետ երիտասարդ է, Քարինջում զբաղվել է անասնապահությամբ, ապա գյուղապետ հոր շնորհիվ տեղի դպրոցում ուսուցիչ է աշխատել՝  չունենալով  բարձրագույն կրթություն եւ մասնագիտացում: Ֆեյսբուքի իր էջում Տիգրան Մխիթարյանը իր կրթության մասին գրել է.« Հաճախել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ դպրոց»։ Մինչդեռ արդեն 7 տարի է, ինչ Վանաձորի մանկավարժականը ինստիտուտ է կոչվում, ոչ թե դպրոց:

Տիգրան Մխիթարյանը մինչեւ 2018թ․եղել է ՀՀԿ անդամ, շատերի պես արագ ճամբարափոխ է եղել ու քայլել հեղափոխության օրերին: Թումանյան համայնքի ավագանու անդամ Մխիթարյանը գտնվել է Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կուրացիայի ներքո եւ օգտագործվել Թումանյանի ՀՀԿ-ական արդեն նախկին համայնքապետ Լեւոն Զավարյանի դեմ, Տիգրան Մխիթարյանը Լ․ Զավարյանից պահանջել է համայնքապետարանի «Նիվան» անհատույց նվիրաբերել իրեն, իբր ավագանու նիստերին գնալ- գալու համար, համայնքապետը չի համաձայնվել, 2019 թվականին Տիգրան Մխիթարյանը հրաժարական է տվել, Թումանյանի ավագանու կազմից դուրս եկել»։