Հայկական կողմը հավատարիմ է ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված շարունակական աշխատանքին․ Արա Այվազյան

Հայկական կողմը հավատարիմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված շարունակական աշխատանքին, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը:

«Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դաշնակցային բնույթն արդեն կանխորոշում է մշտական, շարունակական աշխատանքը, որը տարվում է հարաբերությունների հետագա ամրապնդման և ժամանակակից իրողություններին ադապտացման առումով, ինչը պայմանավորված է ինչպես ժամանակով, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում զարգացումներով։ Մենք մտադիր ենք այդ աշխատանքն իրականացնել համաձայնեցված կերպով՝ ելնելով մեր երկրների ժողովուրդների արմատական շահերի ապահովման անհրաժեշտությունից»,- հայտարարել է Այվազյանը։

Նրա խոսքով՝ այդ աշխատանքի համար ամուր հիմք է հանդիսացել և հանդիսանալու երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը։

«Այդ աշխատանքը մենք մտադիր ենք իրականացնել փոխգործակցության արդեն իսկ գոյություն ունեցող միջպետական մեխանիզմների շրջանակներում։ Խոսքը և՛ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, և՛ մեծ հանձնաժողովի շրջանակներում միջխորհրդարանական երկխոսության, և՛ ռազմատեխնիկական հանձնաժողովի, և՛ այլ ձևաչափերով երկխոսության մասին է։ Բնականաբար, այս ամենին կնպաստի մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ համակարգող դերը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Այվազյանը նաև ընդգծել է «ներկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական մակարդակով վարվող ինտենսիվ երկխոսության կարևորությունը»։