ԲՀԿ-ի նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստի տապալումը ցույց տվեց, որ իշխանությունը հրաժարվում է գործել Սահմանադրության շրջանակներում. Ա․ Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեր ռազմական դրության չեղարկման խնդիրն ու երկրում ստեղծված ծանրագույն իրավիճակը, սակայն իշխանությունը դա տապալեց։ Այս մասին Հայրենիքի փրկության շարժման՝ Երևանի Բաղրամյան պողոտայում կայացած հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ հավելելով, որ նախաձեռնությանը միացել էր նաև ԼՀԿ-ն։

«Մենք անում և անելու են ամեն ինչ, որպեսզի իշխանությանը բերենք այն դաշտ, որը սահմանադրական է, փաստացի, մարդիկ հրաժարվում են գործել Սահմանադրության շրջանակներում։ Երկու անգամ ձախողեցին, սա ակնհայտ ցույց է տալիս, որ իշխանությունը ոչ մի պարագայում պատրաստ չէ և չի ուզում դուրս գալ այն  կաղապարներից, որ իր գլխում ձևավորել է, այն զուգահեռ Հայաստանից, որտեղ իրենց մոտ ամեն ինչ լավ է, և առերեսվեն իրականության հետ»,- ասաց նա՝ նշելով, թե նիստերի տապալումն իշխանության մասին շատ բան է ասում։

«Մենք պետք է շատ հստակ ֆիքսենք, որ այս քայլերն են ցույց տալիս իշխանության թե՛ իրական լեգիտիմությունը, թե՛ նպատակները»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը երեկ հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։