Իմ տարիքի տղերքը Եռաբլուրում են… 20 տարեկան եմ, պարոն Աշոտյան…

Այսօր Ազատության հրապարակում և Բաղրամյան փողոցում շփվեցի բազմաթիվ հայրենասեր ու շատ տարբեր մարդկանց հետ։ Տարբեր մարզերից, տարբեր տարիքի, քաղաքական պատկանելության, կրթության ու սոցիալական վիճակի։

Մարդկանց թվում էր, թե ես էի պատասխանում նրանց մտահոգություններին և հարցերին, այնինչ ես սովորում էի նրանցից, քաշում նրանց շատ պարզ, իրական և ճշմարիտ հայրենասիրությունը։

Շատ երկխոսություններ կարելի էր հանրայնացնել։ Բայց այս մեկը դաշույնի պես մխրճվեց իմ հոգեկան աշխարհի մեջ։

Երիտասարդ տղաների մի խումբ մոտեցավ, ծանոթացանք, խոսեցինք։

Մեկին հարցրեցի.

– Քանի՞ տարեկան ես, տղես։

– Իմ տարիքի տղերքից շատերը մեռել են։

Դրսի ցո՞ւրտն էր բթացրել ընկալունակությունս, թե երիտասարդ տղայի շուրթերից նման նախադասություն չէի սպասում՝ չգիտեմ։

Նա, երևի տեսնելով իմ տարակուսած հայացքը, հավելեց.

– Իմ տարիքի տղերքը Եռաբլուրում են… 20 տարեկան եմ, պարոն Աշոտյան…

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից