Իրանը մերժում է Թուրքիայի ռազմական ներկայությունը, բայց ո՞չ ամենուրեք․․․

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը փետրվարի 22-ին Press-TV իրանական անգլալեզու հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Թեհրանը դեմ է Սիրիայում և Իրաքում թուրքական զինված ուժերի տեղակայմանը՝ մատնանշելով, որ Թուրքիայի կառավարության մոտեցումները երկու հարևան արաբական երկրների հետ կապերի հաստատման հարցում «սխալ են». «Մենք մերժում ենք Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում և սխալ ենք համարում Դամասկոսի ու Բաղդադի նկատմամբ Անկարայի վարած քաղաքականությունը»: Ժամանակին արված հայտարարությունն է՝ Իրանի բարձրագույն իշխանության անունից: Ինչպես հայտնի է, Թուրքիան իր հազարավոր զինվորներին ուղարկել է Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններ, իբր «քուրդ զինյալների դեմ պայքարելու» և «սիրիական զինված ընդդիմության» ուժեղացման համար, բայց ի վերջո ստեղծել է իր ռազմական բազաները երկու երկրներում, չնայած իրենց տարածքների դեմ ոտնձգության համար Բաղդադի և Դամասկոսի դատապարտմանը: Իրանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները տարածաշրջանային քաղաքականության հարցում առավել տեսանելի են Սիրիայում: Թուրքիան սատարում է սիրիական «ընդդիմությանը» 2011-ին սկսված քաղաքացիական պատերազմում, մինչ Իրանը լիարժեք աջակցություն է ցուցաբերում նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը, փետրվարի 23-ին հիշեցրել է թուրքական «Ahval» տեղեկատվավերլուծական պորտալը:

Ըստ Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Սիրիայում իրանական ռազմական ներկայությունը սահմանափակ է և համաձայնեցված է այս երկրի կառավարության հետ, իսկ Սիրիայում Իրանի միակ նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է: Իրանի դիվանագիտության ղեկավարը այս հայտարարություններն արել է նույն օրը, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ՝ քննարկելու անվտանգության և տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությունը: Ռոհանիի հետ զրույցում, մասնավորապես, Թուրքիայի ղեկավարը նշել է, թե ԱՄՆ-ը պետք է վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, և թե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացիկ դիվանագիտական ​​զարգացումները նման հնարավորություն են տալիս և այլն: Ինչպես հասկանում ենք, Էրդողանը հրաժարվել է զորքերը դուրս բերել Իրաքից և Սիրիայից, քանզի Զարիֆն իր հայտարարություններում թուրքերին հիշեցնում էր իրենց «սխալները»…

Այդուամենայնիվ, ապրի պարոն Զարիֆը: Գիտակցելով, որ Իրանի ԱԳՆ ղեկավարն իր ելույթներում և հայտարարություններում հիմնականում հենվում է Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի տեսակետների վրա, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ Զարիֆն ինքը չի պատրաստվում «հաշվի նստել» Թուրքիայի սխալների հետ ու դրա մասին խոսում է պարզ ու հստակ: Թե ինչպես կարձագանքի Անկարան Իրանի ԱԳՆ սկզբունքային կոշտությանը, գուշակելու կարիք չկա: Թուրքերը հիմնականում «քչերին են ուշադրություն դարձնում». թուրքերը անտեսելու են նաև Զարիֆի հայտարարությունները: 2016 թվականից Անկարան լիովին անտեսում է Իրանի ու Ռուսաստանի կոչերը՝ Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացումը դադարեցնելու և «Մեծ Իդլիբի» գոտում ահաբեկիչներին զինաթափելու մասին:

Բայց ահա, թե ինչ է հետաքրքրում այս տողերի հեղինակին. իսկ ե՞րբ են պարոն Զարիֆն ու Իրանի արտգործնախարարությունը «նկատելու», որ այժմ Թուրքիան ռազմական ներկայություն ունի ոչ միայն Սիրիայում և Իրաքում, այլև մեր Արցախում: Կարևոր չէ, թե ով և ինչպես է անվանում այդ հողերը: Կարևոր չէ, թե ով և ինչ է ձգտել և ձգտում Արցախի հետ կապված: Կարևոր է, որ Արցախը երբեք չի եղել Թուրքիայի և թուրքերի «կալվածք»: Թուրքերը Պարսկաստան չեն, Պարսից Կայսրություն չեն, առավել ևս՝ նրանք Ռուսական կայսրություն կամ ԽՍՀՄ չեն: Արցախը միշտ էլ եղել է վարչական միավոր. և՛ որպես Պարսից Կայսրության մաս, և՛ որպես Ռուսաստանի-ԽՍՀՄ մաս: Սակայն թուրքերը, որոնք խաբեությամբ են ներթափանցել Հայաստանի գերագույն իշխանության մեջ, ամեն ինչ արել են, որպեսզի այժմ Թուրքիան իր ամրոցներն ունենա Արցախում: Ոչ ոք չի կասկածում, որ ժամանակի ընթացքում (ինչպես Սիրիայում և Իրաքում) Թուրքիան այդ հենակետերը կդարձնի իր ռազմաբազաները:

Զարի՛ֆ. եթե ​​Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում անընդունելի է Իրանի համար, ապա ինչպե՞ս կարող է Թուրքիայի ռազմական ներկայությունն Արցախում ընդունելի լինել Իրանի համար: ՆԱՏՕ-ի անդամ երկիրը օկուպացնում է տարածքներ, որոնք պատմականորեն պատկանել են Իրանին, ապա՝ Ռուսաստանին: ՆԱՏՕ-ի անդամ երկիրը (այսինքն` ԱՄՆ-ի և Իսրայելի խամաճիկը) օկուպացնում է տարածքներ, որոնք ուղղակիորեն սահմանակից են Իրանին: Այս տողերի հեղինակը, և առայժմ միայն իր անունից, հարցն ուղղում է պարոն Զարիֆին և Իրանի արտգործնախարարությանը. Թեհրանի լռությունը թուրքական զորքերը Արցախ մտնցելու վերաբերյալ նշանակում է, որ Իրանի գերագույն իշխանության համար ընդունելի է Իրանի և նրա պատմության հետ անմիջական կապ ունեցող հողերի օկուպացումը թուրքերի կողմից: Թե՞ Արցախի Հանրապետության հայերը նվազագույն հնարավորություն ունեն արդեն 2021 թվականից պարոն Զարիֆից կամ Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հետևյալը լսել. «Մենք մերժում ենք Թուրքիայի ռազմական ներկայությունը Արցախում [Ղարաբաղ] և սխալ ենք համարում Անկարայի քաղաքականությունը Արցախի [Ղարաբաղի] նկատմամբ»:

Սերգեյ Շաքարյանց