Ազատության հրապարակում Յուրի Խաչատուրովին դիմավորեցին ծափողջույններով

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին միացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նրան ծափողջույնների ներքո հարթակ ուղեկցեցին:

Գեներալ-գնդապետի խոսքով՝ ինքն առաջին օրերին չէր մասնակցում Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած հանրահավաքներին, որովհետև իրեն անհարմար էր զգում բանակի պասիվ դիրքորոշման պատճառով։ Բայց այսօր շատ ուրախ է, որ վերջապես մեր բանակն արթանացավ ու որոշում ընդունեց։

Նա անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե հատուկ զինված խմբերը ցանկանում են մտնել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբ ու ձերբակալել բարձրաստիճան զինվորականների։

«Չեմ հասկանում, թե ինչ հիմարներ պետք է լինեն, որ որոշեն զինվորականների ձերբակալեն։ Նրանց ուղղակի կապկպած կբերեն այստեղ՝ հրապարակ, ուրիշ ոչինչ չի լինի»,–ասաց Խաչատուրովը։

«Երդվում եմ հորս գերեզմանով, որ երբեք ու ոչինչ չեմ խնդրել թուրքերի առջև ու թուրքերից։ Նրանք են մեզ միշտ խնդրել, նրանք միշտ մեզնից ներքև եղել և նայել, թե մենք ինչ կասենք»,- ասաց Խաչատուրովը, ապա շեշտեց, որ բանակը վերականգնելը հեշտ չի լինելու, դժվար է լինելու նաև այնպես անել, որ երկրում համերաշխությունը վերականգնվի, մարդիկ նորից սկսեն ժպտալ։ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետը վստահ է, որ Վազգեն Մանուկյանը խելացի մարդ է և կկարողանա իրականացնել այդ պատասխանատու գործը։