ՊՆ-ը, ԳՇ-ը պարտավոր են գրել ճշմարտությունը և հերքել «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերը. Վազգեն Մանուկյան

Հայ-ռուսական հարաբերությունները նոր չէ, որ հարվածի տակ են։ Ես կարծում եմ՝ եթե այս տղան մի քիչ էլ երկար մնա, ոչ միայն ՌԴ-ի, աշխարհի բոլոր երկրների հետ մենք վատ հարաբերություններ կունենանք։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում Ստեփանակերտի անվան հետ նշված է եղել նաև ադրբեջանական «Խանկենդի» տարբերակը։

Նա նշեց, թե պատերազմի ընթացքում նպատակահարմար է գտել, որ իշխանությունը հանձնվի զինվորականությանը, որովհետև, ըստ Մանուկյանի, այդ ժամանակ հնարավոր է եղել իրավիճակը փրկել, սակայն այժմ նոր իրավիճակ ունենք։ «Ես կարծում եմ՝ հիմա ԳՇ պետը, Պաշտպանության նախարարությունը պարտավոր են գրել ճշմարտությունը և հերքել «Իսկանդերի» մասին այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը»,-նշեց նա։

Ըստ Մանուկյանի՝ Փաշինյանի ասածի վերաբերյալ ՌԴ-ն չի սահմանափակվի միայն Պետդումայի կողմից կոշտ հայտարարություններով․ «Սա ամենամեղմ պատասխանն էր, որը կարող էր լինել»,-ասաց Մանուկյանը։