Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի՝ ի լուր աշխարհի «դուրս տալու» համար. Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը Daily Storm-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը, քննադատելով ռուսական զենքը, ցանկանում է ընդգծել իր անմեղությունը Կովկասում վերջին հակամարտության արդյունքների առնչությամբ: Շերինի խոսքով՝ Հայաստանի վարչապետը պետք է հրապարակավ ներողություն խնդրի:

«Անկասկած, Փաշինյանը պետք է կատարվածի համար մեղավորներ գտնի, բայց նման հայտարարություններից հետո արժե անհապաղ ստեղծել երկկողմ հանձնաժողով, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն,- խմբ.) անդամ է: Այդ հայտարարությունն իրականում կարող է շատ լուրջ հարված հասցնել մեր զենքի և ամբողջ երկրի հեղինակությանը: Նման բառերի համար, եթե դրանք հաստատվեն, հարկավոր է պատասխանատվություն կրել», – ասել է Շերինը:

Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալն այն կարծիքին է, որ նախ անհրաժեշտ է հասկանալ, թե արդյոք «Փաշինյանն ընդհանրապես կարդացե՞լ է «Իսկանդեր»-ի մարտավարական և տեխնիկական բնութագրերը, և արդյո՞ք տեղյակ է, թե այս հրթիռն ինչի համար է օգտագործվում»:

«Անկեղծ ասած, ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե որն է բողոքը: Փաշինյանը, հավանաբար, երբեք կապ չի ունեցել ռազմական գործի հետ: Մենք պետք է լուրջ ընդունենք նրա խոսքերը: Եթե մարդը նման բաներ է ասում, ապա պետք է ստուգում իրականացվի: Թող հաստատի դա որոշ փաստերով»,- շեշտել է խորհրդարանականը և նկատել՝ ընդհանրապես ինչպես կարելի է հաշվարկել, որ հենց 10 «Իսկանդեր» հրթիռ է արձակվել, բայց դրանցից միայն մեկն է պայթել:

«Իսկ ո՞ւր մնացին մյուս ինը: Կարծում եմ ՝ Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի: Չէ՞ որ նա ի լուր աշխարհի է «դուրս տվել»: Փաշինյանի արտահայտությունը ցույց է տալիս, թե ինչքանով է նա ընդհանրապես խորացել ռազմական գործերի մեջ», – ամփոփել է պատգամավորը: