Ցուցարարները ԵՊՀ-ում են. հնչում են «Նիկոլ, դավաճան» վանկարկումները

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այս պահին ԵՊՀ-ում են, անցնում են լսարանից լսարան և ուսանողներին կոչ անում միանալ իրենց։

Մայր բուհի պատերից ներս հնչում են «Նիկոլ, դավաճան» վանկարկումները։

Ակցիայի մասնակիցներին ընդառաջ դուրս եկավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ Նա, դիմելով ակցիայի մասնակիցներին, հարցրեց. «Ի՞նչ եք ասում»։

Ի պատասխան, ակցիայի մասնակիցները նշեցին. «Ասում ենք՝ միացեք»։

Սակայն Գեղամ Գևորգյանը պատասխանեց, թե ինքն իր գործն է անում։

«Ի՞նչ է նշանակում՝ «ես իմ գործն եմ անում», Ցեղասպանության ժամանակ էլ էին ձեր նմաններն ասում՝ իրենց գործն են անում». հակադարձեց ցուցարարը՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին:

Երիտասարդներից մեկն էլ հակադարձեց՝ վստահություն հայտնելով, որ այս պահին որևէ իմաստ չունի ԵՊՀ ռեկտորի գործը, եթե դա արվում է «դավաճան» իշխանությունների օրոք։

«Ի՞նչ է նշանակում՝ ես իմ գործն եմ անում։ Հիմա մեր բոլորի գործը պետք է լինի պետության պաշտպանությունը»,- նկատեց քաղաքացին։

«Բոլոր մնացած գործերը ստորադասվում են սրան։ Ու ոչ ոք թող չմտածի, թե ակցիա իրականացնողներն ուրիշ գործ չունեն»,- ասաց նա։

Նշենք, որ ԵՊՀ բակում ոստիկանական ուժեր են կենտրոնանում։

Լսարաններում շրջելուց հետո ակցիայի մասնակիցները դուրս եկան ԵՊՀ կենտրանական մասնաշենքից, ուղղություն վերցնելով դեպի ՀՊՏՀ-ը։

Նրանց ուղեկցում էին ոստիկանները։