Հունաստանում առողջապահական ոլորտի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում

Հունաստանում բժիշկներն ու բուժաշխատողները երեքշաբթի մեկօրյա գործադուլ են հայտարարել և դուրս եկել Աթենքի փողոցներ՝ բողոքելով կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարող հիվանդանոցներում առկա ,խեղդողե պայմաններից, հայտնում է Greek City Times–ը:

Բժիշկները բողոքել են աշխատանքային ծայրահեղ ծանր պայմաններից, ներառյալ անավարտ թվացող աշխատանքային ժամերը հիվանդասենյակներում։ Հունաստանի պետական հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքները գործում են մոտավորապես 80 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Հիվանդանոցային մահճակալների զգալի մասը զբաղեցնում են կորոնավիրուսով վարակված հիվանդները, ինչը խոչընդոտում է այլ հիվանդների բուժմանը:

Հիվանդանոցներում աշխատող բժիշկների OENGE միությունը հայտարարել է, որ ռեսուրսների, հատկապես անձնակազմի և հիվանդանոցային մահճակալների պակասը «լուրջ վտանգ է ներկայացնում ինչպես ծանր վիճակում գտնվող վարակակիրների, այնպես էլ այլ հիվանդություններ ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդների համար»:

Գործադուլին մասնակցող բժիշկներն ու բուժաշխատողները Աթենքի կենտրոնով շարժվել են դեպի Առողջապահության նախարարություն: Նրանք պահանջել են, որ կառավարությունը նոր ստորաբաժանումներ ստեղծի կորոնավիրուսով հիվանդների համար, ինչպես նաև ավելի շատ աշխատողներ վարձի:

«Հասարակության առողջության համար ցանկացած բացասական հետևանք միայն կառավարության պատասխանատվությունն է լինելու՝ հակառակ պատասխանատվությունը բժիշկների և առողջապահական այլ մասնագետների վրա գցելուն»,- ասված է միության հայտարարության մեջ։

Հունաստանը ցույցին նախորդող 24 ժամվա ընթացքում արձանագրել է կորոնավիրուսով վարակման 2114 նոր դեպք՝ դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով 182 783-ի: Երկրում համավարակի հետևանքով մահացածների թիվը կազմում է 6 343 մարդ: