Ռուսական մամուլն արձագանքում է Իսկանդերի անգործունակության մասին Փաշինյանի հայտարարությանը

Ռուսական մամուլն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Իսկանդերի անգործունակության մասին հայտարարությանը։ Մասնավորապես, Փաշինյանը, արձագանքել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ նա զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն Իսկանդերը չի կրակել, ասելով, թե «նա պետք է պատասխանի՝ ինչո՞ւ կրակած Իսկանդերը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Իսկանդեր» ռուսական օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի (OTRK) անգործունակության մասին»,-գրում է «Լենտա ռուն»:

«Իր հերթին, վարչապետն ասել է, որ ռուսական հրթիռները «օգտագործելի չեն» և ամբողջությամբ չեն պայթում: «Թող (Սարգսյանը՝ Lenta.ru-ի մեկնաբանությունը) հարց տա, թե ինչու Իսկանդեր հրթիռը չպայթեց: Կամ ինչո՞ւ այն պայթեց, օրինակ, 10 տոկոսով»,- ասաց Փաշինյանը»,- գրում է Lenta.ru-ն։

«Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանից գնված Իսկանդերի անարդյունավետության մասին»,- գրում է «ՌԻԱ Նովոստին», նշելով, որ Փաշինյանը մանրամասներ չի հայտնել։

«Փաշինյանը կասկածի տակ դրեց ռուսական Իսկանդերի արդյունավետությունը»,-գրում է RBC-ն:

Փաշինյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղում աշնանային հակամարտության ընթացքում ռուսական հրթիռային համակարգերը «չեն պայթել կամ պայթել են միայն 10%-ով»:

Անցած տարի Ղարաբաղում հռազմագործողության ընթացքում Հայաստանն ուներ առնվազն 16 հրթիռային համակարգ՝ ութ Էլբրուս, չորս Տոչկա և չորս «Իսկանդեր»:

Մեջբերվում է նաև Մովսես Հակոբյանի խոսքերը, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը օգտագործել է Իսկանդերը:

Իսկանդեր համալիրներն առաջին անգամ ցուցադրվել են 2016-ի սեպտեմբերին՝ Երևանում կայացած զորահանդեսում: Երկրի Պաշտպանության նախարարությունը հաստատել է համալիրների առաքումը 2017-ի փետրվարին՝ նշելով, որ Ռուսաստանի հետ պայմանագրի մանրամասները դասվում են որպես «խիստ գաղտնի»: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ դրանց տեղակայումը հարկադրված միջոց է՝ տարածաշրջանում իրավիճակը հավասարակշռելու համար, գրում է կայքը։

Ռուսական Vedomosti-ն ․ «Փաշինյանը հայտարարեց Ռուսական Իսկանդերի անարդյունավետության մասին»:

Նշվում է, որ 2016 թվականին Հայաստանը առաջին պետությունն էր, որը Ռուսաստանից ստացավ «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: Հայաստանն այդ զենքերը ձեռք է բերել ՀԱՊԿ շրջանակներում զենքի մատակարարման մասին պայմանագրերի հիման վրա: Համակարգի հիմնական նպատակն է ոչնչացնել հակառակորդի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև թիրախները՝ մինչև 500 կմ հեռավորության վրա: Երևանը զինված է 280 կմ հեռահարություն ունեցող «Իսկանդեր» համալիրի տարբերակով, գրում է կայքը։

«Փաշինյանը ռուսական Իսկանդերն անվանել է անգործունակ»,- գրում է Gazeta-ն:

Նշվում է, որ 2020-ի նոյեմբերին հաղորդվեց, որ հայկական զինված ուժերը «Իսկանդեր» են օգտագործել Լեռնային Ղարաբաղում ռազմական բախման ընթացքում: