Թյուրըմբռնում ենք ունեցել մեր նկատմամբ ՀԱՊԿ–ի ունեցած պարտավորությունների վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան

Մենք նախկինում որոշակի հանրային մակարդակում թյուրըմբռնում ենք ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  (ՀԱՊԿ) մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ. ինչպես փոխանցում է tert.am-ը՝  այսօր 1in.am-ին տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Շատերը ասում են՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտել ռազմական առումով ղարաբաղյան պատերազմին, պատասխանը պարզ է, որովհետև ՀԱՊԿ պարտավորությունները ձևակերպված են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս, դրանից դուրս, ըստ էության նման պարտավորութունները ձևակերպված չեն, և, իհարկե, Հայաստանի սահմաններից ներս էլ ենք ունեցել անվտանգային մարտահրավերներ, և ՀԱՊԿ –ի մեխանիզմները որոշակի դերակատարում ունեցել են, և դա պետք է խոստովանել»,- ընդգծեց նա

Փաշինյանի խոսքով՝ ինչ վերաբերում է մեր ընդհանուր անվտանգային տարածաշրջանային համակարգին, ապա մենք պետք է ձեռնամուխ լինել բանակի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես՝ սպառազինությունների նաև ռազմավարական բովանդակությանը. «Մենք պետք է գնահատենք, այն իրադրությունը, այն դերը և նշանակությունը, և հարաբերությունները, որ ունենք տարածաշրջանում և տարածաշրջանի հետ մեր ռազմավարական երկարաժամկետ օրակարգը պետք է ճշգրտենք»:

Հարցին, թե Սյունիքում սահմանի, բնակավայրերի, հակառակորդի հետ շփման գծում անլուծելի խնդիր ունե՞նք, Փաշինյանը պատասխանեց, որ մենք չունենք անլուծելի խնդիր, բայց դա չի նշանակում, որ մենք չունենք խնդիրներ։

«Կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ  գործում է, պարզ է, որ միջավայրը փոխվել է և այդ փոխված միջավայրի բերումով կան որոշակի լարումներ, բայց այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մենք պատրաստվում ենք Սյունիքում սոցիալ -տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել և, ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ  միջավայր ձևակերպել, և դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա մենք աշխատում ենք»,– ասաց նա:

Հարցին, թե Սյունիքի կապակցությամբ անհանգստությունների հետ կապ ունի՞ ապաշրջափակման գործընթացը, Փաշինյանը ասաց, որ ցանկացած միջավայրի փոփոխություն բերում է որոշակի մտահոգություններ և անհանգստություններ, իսկ ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման թեմային, ապա այդ խնդրի կառուցողական և փոխշահավետ լուծումը այն գործոններից է, որ մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն։

«Ապաշրջափակումը  կարող է բերել նաև որոշակի տնտեսական օգուտներ՝ փոխել մեր տարածաշրջանի տնտեսական դիմագիծը և պոտենցիալը ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ, որոնք պետք է կառավարվեն: Ամեն ինչն ունի մարտահրավերներ և էլի ռազմավարական ընտրության հարց է: Կոմունիկացիաները այն անոթներն են, որոնք մեզ կապում են տարածաշրջանին և տարածաշրջանը կապում են մեզ: Այն կարևոր է դարձնում մեզ տարածաշրջանի համար: Պետք է հասկանանք՝ այդ մարտահրավերները կարո՞ղ են բխել միջավայրային փոփոխություննԵրից, և ձևակերպենք այն մեթոդները, որոնցով պետք է կառավարենք այդ մարտահրավերները»:

Հարցին, թե ո՞վ է ապաշրջափակման համար ամենաշահագրգիռ կողմը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հետևենք ինչ է կատարվում տարածաշրջանում, ապա կտեսնենք, որ բոլոր կողմերն էլ շահագրգիռ են. «Շահագրգիռ է Ռուսաստանը, Վրաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանի Հանրապետությունը, այլ բան, որ  յուրաքանչյուրի շահագրգռվածություններն ունի ընդհանրություններ ուրիշների շահագրգռվածությունների հետ և տարբերություններ: Պետք է հետևողական քննարկումների արդյունքում հանգել պատկերացումների տարբերությունների մեղմացման և ընդհանրությունների ընդգծման»: