Արցախի ԱԺ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքների կարգավիճակի մասին հայտարարություն է պատրաստել
Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 23-ին, հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության տեքստի նախագծի մասին հարցը:
Նիստի օրակարգը հաստատելուց հետո, որպես նախագծի հեղինակ, հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ով ներկայացրել է հայտարարության տեքստը:
Պատգամավորների կողմից առաջարկվել է տեքստում կատարել որոշակի խմբագրում, ինչն ընդունվել է հեղինակի կողմից: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ կողմ է քվեարկել ներկայացված հայտարարության նախագծին: Նախագիծը կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:
Նիստին ներկա են եղել ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորները: