Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կանդրադառնան հետպատերազմյան իրավիճակի մարտահրավերներին, նաև՝ արտագաղթի վտանգին

Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, մինչ օրակարգին անդրադառնալը ժողովականները աղոթել են անցյալ տարի ի Տեր ննջած և արցախյան պատերազմում զոհված եկեղեցականների համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովի առիթով ամենքին բերել է հայրապետական իր օրհնությունն ու պատգամը։

Ժողովի ընթացքում մասնավոր քննարկման առարկա կդառնան հետպատերազմյան իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, գերության մեջ հայտնվածների և անհայտ կորածների հետ առնչված խնդիրները, անդրադարձ կկատարվի առկա կացության մեջ արտագաղթի վտանգին, Արցախի սրբավայրերի պաշտպանության և պահպանության ուղղությամբ իրականացված քայլերին, հետպատերազմյան և համավարակային պայմաններում Եկեղեցու հովվական խնամքի և ծիսական կյանքի կազմակերպմանը վերաբերող հարցերին։

Կներկայացվի նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2020 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն Ազգային-Եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին և այդ նպատակով կազմակերպված հանգանակությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող  զեկույցներ։